Home / Հայաստան / Բրյուսովում արգելելու են շորտեր կրել և «օծանելիքով խանգարել գործընկերներին»

Բրյուսովում արգելելու են շորտեր կրել և «օծանելիքով խանգարել գործընկերներին»

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալասարանի (ԵՊԼՀ) տարածքում, ինչպես նաև համալսարանի աշխատողի կողմից աշխատանքային պարտականություններն այլ վայրում կատարելիս` թմրամիջոցներ, այլ հոգեմետ կամ արգելված նյութեր, ոգելից խմիչքներ օգտագործելը, տարածելը, գնելը, վաճառելը, տեղափոխելը, գովազդելը և պահելն արգելվում է: Այս մասին ասված է ԵՊԼՀ-ի ղեկավարության կողմից օրերս դասախոսների շրջանում տարածած «Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի աշխատանքային էթիկայի կանոնները» նախագծում:

Նախագծի կետերից մեկով սահմանվում է, որ համալսարանի վարչական աշխատողներին արգելվում է նվերներ առաջարկելը:

Նախագծում նշված է նաև, որ համալսարանը կարող է մոնիտորինգի ենթարկել ձայնային և թվային հաղորդակցման միջոցների օգտագործման եղանակը (օրինակ, հավաքված համարը կամ այցելած վեբ կայքը, հեռախոսազանգի տևողությունը, օրվա ժամերը, և այլն), իսկ համալսարանի ռեկտորը կամ նրա կողմից լիազորված աշխատողը կարող է այցելել կամ ուսումնասիրել աշխատողի թվային ֆայլերը, հաղորդագրությունները և օգտագործման պատմությունը` ներգրավելով համապատասխան մասնագետներին:

«Աշխատողները պետք է գիտակցեն, որ էլեկտրոնային հաղորդագրությունները մասնավոր կամ գաղտնի չեն: Նրանք անձնական տեղեկատվության հաղորդման համար պետք է օգտվեն այլ միջոցներից», – նշել են նախագծի հեղինակները:

Ուշագրավ է 8-րդ կետը, որը վերաբերում համալսարանի դասախոսների հագուստին:

Համաձայն նախագծի` համալսարանի աշխատողները աշխատանքի վայրում «պետք է կրեն դասական բնույթի զգեստ`պահպանելով կոկիկ տեսք»:

«Աշխատանքային ժամերին արգելվում է շորտեր կամ չափազանց բաց զգեստներ կրելը: Դեմքի և մազերի հարդարանքը պետք է լինի համեստ և հարիր աշխատանքային միջավայրին», – սահմանում են 8-րդ կետի ենթակետերը:

Եվս մեկ կետում նշվում է, որ «օծանելիքից պետք է օգտվել չափավոր` չխանգարելով գործընկերներին»:

Էթիկայի քաղաքականությունն անդրադառնում է նաև գրասենյակային տարածքների օգտագործմանը: Սահմանվում է, որ նույն սենյակում աշխատող անձինք միմյանց նկատմամբ պետք է ցուցաբերեն նրբանկատ վերաբերմունք, նախընտրելի ջերմաստիճանն ու նպաստավոր աշխատանքային պայմանները ապահովվում են նույն տարածքում աշխատողների ընդհանուր համաձայնությամբ:

Աշխատողները պետք է ապահովեն խաղաղ և լուռ աշխատանքային միջավայր, իսկ համալսարանի տարածքը լքելուց առաջ բոլոր պատուհանները և ջրի ծորակները պետք է փակվեն, իսկ լույսերը պետք է անջատվեն:

«Համալսարանի վարվեցողության վերաբերյալ որոշ կանոններն անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքը և բոլոր աշխատողների բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Աշխատանքը խաթարող, Համալսարանը վարկաբեկող և աշխատողներին, այցելուներին կամ ուսանողներին վիրավորող պահվածքն անհանդուրժելի է: Բոլոր աշխատողները պետք է ցուցաբերեն պատշաճ կարգապահություն և գործեն Համալսարանի շահերից ելնելով», – ասված է նախագծի 11-րդ կետում: