Home / Հայաստան / Առևտրականների պահանջը մասամբ բավարարվել է, բայց ակցիաները շարունակվելու են

Առևտրականների պահանջը մասամբ բավարարվել է, բայց ակցիաները շարունակվելու են

Թուրքիայից և այլ երկրներից Հայաստան ապրանք ներկրող առևտրականների պահանջը մասամբ բավարարված է. ապրանքի մեկ կիլոգրամի դիմաց վերջերս բարձրացված 8 դոլարը կրկին դարձել է 6 դոլար, և այժմ բանակցություններ են ընթանում 6 դոլարը իջեցնել նախկին գնի` 4 դոլարի:

Հիշեցնենք, որ առևտրականների հարցով այս շաբաթ զբաղվում էին ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը և Անահիտ Բախշյանը` «Ժառանգություն» կուսակցությունից, ինչպես նաև դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Epress.am-ի հետ զրույցում առևտրական Գևորգ Սարոյանը պատմել է, որ իրենց հարցը բոլոր համապատասխան փաստաթղթերով գտնվում է պատգամավորների վերահսկողության տակ:

«Պատգամավորները նաև կապվել են միջնորդ կազմակերպությունների հետ, որոնք ասել են, որ գների բարձրացումը կապված է Թուրքիայի հետ: Հիմա էլ պատգամավորները փորձում են ճշտել, թե էդ ինչն ա կապված Թուրքիայի հետ»,- ասել է մեր զրուցակիցը:

Առևտրականները` Թուրքիայից, Սիրիայից և այլ երկրներից, ապրանք տեղափոխելու և մաքսազերծելու համար դիմում են բեռնափոխադրող ընկերություններին, որոնք էլ, փաստորեն, բարձրացրել են մաքսազերծման գումարի չափը:

Սարոյանի խոսքով` իրենք, ամեն դեպքում, նախատեսում են բողոքի ակցիաները շարունակել, սակայն հստակ որոշում հետագա անելիքների վերաբերյալ դեռևս չեն կայացրել:

Ավելի վաղ նրանք հանդիպել էին Տրանսպորտի և կապի նախարարի հետ, սակայն վերջինս հայտնել էր, որ բեռնափոխադրող կազմակերպություններն անհատ ձեռներեցներ են, և պետական վերահսկողություն այդ հարցում չկա: