Home / Հայաստան / Իրանում զոհված երիտասարդի թաղումը վերածվեց նոր ցույցի

Իրանում զոհված երիտասարդի թաղումը վերածվեց նոր ցույցի

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարների և ոստիկանական զորքերի` երկուշաբթի տեղի ունեցած բախումների ընթացքում զոհված Սանե Զհալեի հուղարկավորության արարողության ժամանակ այսօր հազարավոր մարդիկ կրկին սկսել են հակակառավարական կարգախոսներ վանկարկել: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ` ոստիկանների և ցուցարարների բախումը տեղի է ունեցել Թեհրանի գեղարվեստի համալսարանի մոտ, որի ուսանողն էր Զհալեն:

Թեհրանի մյուս հատվածներում հազարավոր մարդիկ նույնպես փողոց են դուրս եկել` շարունակելով բողոքի ակցիաները:

Նշենք, որ կառավարության վարկածով` զոհված երիտասարդը «Բասիջ» ոստիկանական միավորման ներկայացուցիչ է, ով զոհվել է ցուցարարների գործողությունների հետևանքով, սակայն ընդդիւմադիր բազմաթիվ բլոգերներ նշում են, որ Զհալեն ակտիվ մասնակցել է նաև 2009-ի ցույցերին և եղել է ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցը: Բլոգերների վկայությամբ` Իրանի իշխանությունները ճնշում են գործադրում զոհված երիտասարդի ընտանիքի վրա, որպեսզի վերջինիս անդամներն ասեն, որ նա եղել է իշխանամետ ուժերի ներկայացուցիչ: