Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ցանկանում է հայ-վրացական բարեկամությունը փոխանցել գալիք սերնդին

Սերժ Սարգսյանը ցանկանում է հայ-վրացական բարեկամությունը փոխանցել գալիք սերնդին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ:

Նախագահը կարևորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները` նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: Սերժ Սարգսյանի խոսքով` հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առևտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռևս բավարար համարել չի կարելի, ուստի անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այս ուղղությամբ ջանքերը:

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը խոսել են նաև մշակույթի, կրթության և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

«Կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք մեր մշակութային հարաբերությունները: Այդ ոլորտում մենք մեր գործունեությունը վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացրել ենք: Կարծում եմ, որ հրաշալի գաղափար էր դպրոցական օլիմպիադա անցկացնելը: Այն, ինչ ասաց Միխեիլ Սաակաշվիլին` վրացական համալսարաններում հայ ուսանողների կրթության համար դրամաշնորհներ հատկացնելու հետ կապված, շատ կարևոր է: Մենք ևս նույնն ենք անելու: Պետք է օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի երիտասարդ սերունդը շփվի: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր ժողովուրդները հազարամյակներ շարունակ բարեկամություն են արել, և մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ ավանդույթները մի փոքր էլ ընդլայնենք ու փոխանցենք գալիք սերունդներին»,- ասել է Սերժ Սարգսյանը: