Home / Հայաստան / 3Ա-ն պահանջում է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

3Ա-ն պահանջում է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Այսօր Առցանց ազատականների ալյանսի (3Ա) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող «3Ա» խմբի քննարկման և առցանց քվեարկության արդյունքում ընդունվել է Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջին վերաբերող նախագիծ:

«Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանում գործող ապօրինի վարչակազմի ոտնձգությունները քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի սահմանադրական իրավունքների նկատմամբ չեն դադարում: Պետական այրին ոչ վայել, բացահայտ ստով ու քինախնդրությամբ լեցուն, Նիկոլ Փաշինյանի ազատ արտահայտվելու և տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքները արգելափակելուն ուղղված գործողությունները ավելորդ անգամ ի ցույց են դնում ինչպես Նիկոլի` բանտում գտնվելու իրական պատճառը, այնպես էլ նրան հետապնդողի փոքրոգությունը»,- ասված է նախագծի մեջ:

Սույն հայտարարությամբ «3Ա»-ն ողջ հայության, աշխարհի առաջադեմ ուժերի և պետությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում «բարոյականության և տրամաբանության բոլոր կանոնները մի կողմ նետած հանցախմբի գործունեության վրա»:

«Գործունեություն, որն այլևս անհանդուրժելի ենք համարում: Գործունեություն, որի համար անպատիժ մնալը պայմանավորված է միմիայն մեր անտարբերությամբ և անհարկի հանդուրժողականությամբ: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին», – ասված է հայտարարության մեջ: