Գլխավոր / Հայաստան / Ընդդիմադիր երիտասարդներին հետապնդողը ներխուժել է ՀՀՇ-ի շենք

Ընդդիմադիր երիտասարդներին հետապնդողը ներխուժել է ՀՀՇ-ի շենք

Այսօր փետրվարի 18-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի իրազեկումն անցկացնելու ժամանակ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում Կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների մեքենայի ճանապարհը կտրել են մի քանի այլ մեքենաներ: Վերջիններիս վարորդները երիտասարդներին քաշքշելով դուրս են հանել մեքենայից: Նրանցից մեկը, ով, ըստ ՀՀՇ-ի երիտասարդական թևի անդամ Ավետիք Աբգարյանի, գտնվում էր հարբած վիճակում, ասել է երիտասարդներից Կարեն Թովմասյանին` «Տուր ստե հլը միկրաֆոնը»:

Երիտասարդների միջև քաշքշուկ է սկսվել, որը շուտով ավարտվել է, և իրազեկումը շարունակվել է: Աբգարյանի խոսքով, մի քանի մեքենաներ, սակայն, շարունակել են հետապնդել ՀԱԿ-ի ակտիվիստներին:

«Գալիս էինք, զգացինք, որ մեզ հետևում են 3-4 ավտոմեքենաներ: Զգացի մի պահ, օպերացիա է իրականացվելու, արդեն հասել էին ՀՀՇ-ի վարչության շենքի մոտ, մեքենայից դուրս եկա և վազեցի դեպի ՀՀՇ-ի շենք, հետևիցս վազեց մի երիտասարդ և մտավ վարչության շենք»,- պատմել է Ավետիք Աբգարյանը:

Վերջինս նաև նշել է, որ շենքի ներսում բոլորի ներկայությամբ երիտասարդը սկսել է իրեն քաշքշել, և երբ ներկաները հարցրել են, թե նա ով է, որ իրեն նման կերպ է պահում, երիտասարդը չի ներկայացել, բայց  հայտարարել է. «Մեկա կբռնենք, տենամ ինչքան ես մնալու ստեղ»:

Այդ ընթացքում իրազեկմանը խոչընդոտող մյուս երիտասարդները, ովքեր, ակտիվիստների խոսքով, կարող են  քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինել, ոստիկանության բաժին բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին  և Կարեն Թովմասյանին, որոնց նկատմամբ մեղադրանք են առաջադրել զազրախոսության հոդվածով:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը Epress.am-ի զրույցում ասել է, որ ինքը աշխատելիս է եղել, երբ վարչության շենքում աղմուկ է լսել:  Աշխատասենյակից դուրս գալով` նա տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ քաշքշում Աբգարյանին. «Երիտասարդից պահանջել ենք ներկայանալ և բացատրություն տալ  իր գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ ճշտել ենք, արդյոք նա ոստիկան է, պատասխան չի եղել, կրկին անգամ բացատրության պահանջը պնդելուց հետո նա փախել է շենքից: Իսկ երկրորդ երիտասարդը, ով նույնպես քիչ անց մտել է շենք, եղել է հարբած վիճակում: Կրկին ներակայանալու պահանջից հետո նա հեռացել է: Ես սա որակում եմ ավազակային հարձակում ՀՀՇ վարչության շենքի վրա և պատրաստվում ենք համապատասխան հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Դրա համար մենք ունենք բոլոր փաստերը»,- ասել է Սամվել Աբրահամյանը:

Նշենք, որ քիչ առաջ Սամսոնյանին և Թովմասյանին ազատ են արձակել:

Լուսանկարի վրա` Ավետիք Աբգարյանը` ձախից