Գլխավոր / Հայաստան / Հուշագիրը Քոչարյան-Սարգսյան պայքարի դրսևորում է. կարծիք

Հուշագիրը Քոչարյան-Սարգսյան պայքարի դրսևորում է. կարծիք

Սա ընդամենը իշխանության ներսում սրված պայքարն է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` մեկնաբանելով կոալիցիայի կողմից ստորագրված հուշագիրը, համաձայն որի կոալիցիան գալիք նախագահական ընտրություններին հանդես է գալու մեկ միասնական թեկնածուով:

«Տեքստի պարունակությունը, ինչպես նաև դրա նշանակությունը գործընթացների առումով, տասներորդական են: Սերժ Սարգսյանին այս պահին հաջողվել է առավելության հասնել իշխանության ներսում», — ասել է Մուսինյանը:

Նրա խոսքով` այս ամենը հայաստանյան քաղաքական օրակարգի չնչին մասն է կազմում:

«Գլխավոր օրակարգը Հայ ազգային կոնգրեսը ձևակերպել է, ինչպես նաև կհաստատի վաղը` Մատենադարանի հարակից հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ», — ասել է մամուլի խոսնակը:

Epress.am-ի հարցին, թե կոնկրետ ինչ քաղաքական օրակարգի մասին է խոսքը, Մուսինյանը պատասխանել է. «Դա իշխանությունների հեռացման գործընթացն է, սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և դրանում իշխանության հանցակցությունն ու պատասխատվությունը, արտաքին քաղաքական ոլորտում կատարյալ ձախողումներն են»:

«Եվ ընդհանրապես, Հայաստանում քաղաքական օրակարգ սահմանում է Հայ ազգային կոնգրեսը», — եզրափակել է Մուսինյանը: