Home / Հայաստան / Գյումրիի փողոցներում երթևեկությունը կաթվածահար վիճակում է

Գյումրիի փողոցներում երթևեկությունը կաթվածահար վիճակում է

Գյումրիի Թատերական հրապարակում այս պահին  հանրահավաք է անցկացվում: Ինչպեսավելի վաղ տեղեկացրել ենք, հանրահավաք անցկացնելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ ոստիկանները վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներին արգելել են շարժվել դեպի Երևան ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու համար և ամբողջությամբ փակել են Գյումրիի Սայաթ-Նովա փողոցը:

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է որ հանրահավաքին ելույթ են ունեցել նաև  «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Սաֆարյանը, ինքը` Բարսեղյանը, ինչպես նաև վարորդներից մի քանիսը: Բարսեղյանի խոսքով` մարդկանց առաջին պահանջն այն է, որ ոստիկանները բացեն ճանապարհը:

«Հանրահավաքին մասնակցում է մոտ 400 մարդ, որոնք հայտարարել են, որ մինչև ճանապարհը չբացեն, իրենք այդտեղից չեն հեռանալու: Հավաքված մարդիկ դժգոհում են նաև ԱՊՊԱ-ներից և թանկացումներից»,- ասել է Լևոն Բարսեղյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահին փակ է ոչ միայն Սայաթ-Նովա փողոցը, այլև դրան հարակից բոլոր փողոցները, որտեղ երթևեկությունը կաթվածահար վիճակում է:

Հիշեցնենք, որ սկսած փետրվարի 5-ից` մի քանի տասնյակ վարորդներ բողոքում են Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ:

Լուսանկարը`  Գալա TV-ի