Home / Հայաստան / ՀԱԿ-ի երիտասարդներից իրազեկման ժամանակ խլել են թռուցիկները

ՀԱԿ-ի երիտասարդներից իրազեկման ժամանակ խլել են թռուցիկները

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների վրա հաձակվել են քաղաքացիական հագուստով մարդիկ և խլել վաղվա հանրահավաքի իրազեկման թռուցիկները:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամայիս Ավետիսյանը, իրենք իրազեկում էին իրականացնում Երևանի Էրեբունի հիվանդանոցի շրջակայքում:

«Մենք թռուցիկներ էինք բաժանում, ու հանկարծ երեք հոգի առանց ներկայանալու մոտեցան մեզ, ասացին` էս ինչ եք անում, ու մեր ձեռքից խլեցին թռուցիկները: Մեր գրպաններում էլ կային թռուցիկներ, նրանք բռնի ձևով մեր գրպաններից հանեցին և տարան թռուցիկները»,- պատմել է Արամայիսը:

«Մենք սկզբից մտածեցինք էդ երեքն են, հետո տեսանք, որ նրանց միացան նաև ևս 20 հոգի»:

Ավետիսյանի փոխանցմամբ` այդ երիտասարդների գործողությունները ղեկավարում էր «վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակությունը:

Ակտիվիստի խոսքով` հարձակվողների մեքենաների համարներն են` 47 PL 777,   001 ? 01 և 47 ՈՈ 777: Առաջին երկու մեքենաները եղել են  Mercedes G 500 մակնիշի , վերջինը` BMW X5:

Հիշեցնենք, որ վաղը ժամը 17:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրել Մատենադարանի հարակից տարածքում, իսկ հանրահավաքի մասին իրազեկումը մարզերում և մայրաքաղաքում սկսվել է դեռևս երկուշաբթի օրվանից: