Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստները Հյուսիսային պողոտայում ցանկանում էին նստացույց անցկացնել

ՀԱԿ ակտիվիստները Հյուսիսային պողոտայում ցանկանում էին նստացույց անցկացնել

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից հետո անցկացվեց երթ, որը գլխավորում էր ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Երթի ընթացքում մարդիկ ոչ միայն վանկարկում էին իրենց ավանդական կարգախոսները, այն է` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչև վերջ», այլ նաև դրանց ավելցրել էին ևս մեկը` «Սերժիկ Մուբարաք»:

Երթի ավարտին` Հյուսիսային պողոտայում, Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները նստեցին հարակից խանութների աստիճաններին և սկսեցին վանկարկել` «Նստացույց», «Հիմա, հիմա»:

Դրանից հետո ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմեց հավաքվածներին.

«Բոլորդ էլ անհամբեր ենք, շատ ենք ուզում, թող որևէ մեկը չկասկածի կողքինի ցանկության, կամքի վրա, բոլորս շատ ենք ուզում, որովհետև շատ ենք սիրում մեր երկիրը: Ես ուզում եմ լցվենք այդ հավատով, հույսով, այդ կամքով, այդ հաստատակամությամբ, առաջիկա օրերին շարունակենք մեր պայքարը: Վստահեք մեր առաջնորդներին, վստահեք Լևոն Տեր-Պետրոսյանին, ով մանրամասն հաշվարկներով, իրավիճակի ճիշտ գնահատմամբ, ճիշտ պահին, ճիշտ ժամին, ճիշտ տեղում ձեզ կհրահանգի, և այդ ժամանակ «հիմա, հիմա» կասենք»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ողջունելով ներկաների վճռականությունն ու  պատրաստակամությունը, ասել է, որ նման մոտեցումը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ են ամեն ինչի` հանուն հաղթանակի:

«Գոյություն ունի ՀԱԿ-ի ղեկավարություն, այսինքն` մենք այս շարժումը տանում ենք այն սցենարով, այն հաշվարկներով, որոնք մենք համարում ենք ճշգրիտ: Այսօրվա մեր հաշվարկի մեջ նստացույցը չի մտնում: Մենք կրում ենք պատասխանատվություն այն գործողությունների համար, որոնք մենք ենք կազմակերպում: Եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են, չենթարկվելով մեր հրամաններին և մեր կոչերին, նստել նստացույցի, ուրեմն այդ մարդիկ թող գործեն առանձին մեզանից, բայց իրենց կողմից կազմակերպված միջոցառման օրը և տեղում: Այսօր այս միջոցառումը կազմակերպված է մեր կողմից և մենք խնդրում ենք, որ ամեն ինչ արվի այնպես, ինչպես մենք ենք առաջարկում անել»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողն ավելացրել է, որ «այս վճռականությունը մի օր պետք է գալու»: