Home / Հայաստան / «Չգիտենք ինչն ա գաղափարախոսությունը…». «Հայոց արծիվները» նշում են

«Չգիտենք ինչն ա գաղափարախոսությունը…». «Հայոց արծիվները» նշում են

Այսօր կեսօրից ոստիկանությունը փակել էր Երևանի կենտրոնում գտնվող Կորյուն փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման հատվածը, այդ վայրում շարված էին մարզերից եկած մի քանի տասնյակ ավտոբուսներ:

Նման գործողությունների պատճառն այն էր, որ Մատենադարանի հարակից տարածքում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը տոնում էր իր հիմնադրման առաջին տարեդաձը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 3-ամյակը և Հայոց պետականության 20 ամյակը:

Տոնին մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից եկած երիտասարդներ, ում, իրենց խոսքերով, բերել էին «Հայոց արծիվներ» տարածքային կառույցների համակարգողները:

Epress.am-ը զրուցել է Նոր Հաճն գյուղի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ, ովքեր ասել են, որ իրենց ուսուցիչներն են իրենց բերել այստեղ:

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ճիշտն ասած, դեռ չգիտենք ինչ ա էստեղ, եկել ենք` տեսնենք», – պրազաբանել են նրանք:

Իջևանից եկած երիտասարդներն էլ մեզ հետ զրույցում նշել են, որ իրենց գաղափարախոսությունը Հայոց նախագահն է` Սերժ Սարգսյանը, Հայոց բանակը և Հայոց պետականությունը: Մոտ 22-23 տարեկան երիտասարդները պատմում էին, որ իրենց գերակա խնդիրը հայոց սահմանները պահպանելն է:

«Ճիշտ ա կա սոցիալական խնդիրներ, բայց այսօր ամենակարևորը սահմանները պահելն ա, որ պատերազմ եղավ, ես գնալու եմ կռվեմ»,- ասել է Գևորգը:

Վարդենիսի մասնաճյուղի ղեկավար Արման Արշակյանն էլ ասել է, որ ինքն «իր հետ ահավոր շատ մարդ ա բերել»:

Նա նշել է, որ իրենք որևէ կուսակցական աջակցություն չեն ստանում, չնայած երիտասարդներից մի քանիսը կրում էին «Առաջ, Հայաստան» գրությամբ շարֆ, որը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախըտրական կարգախոսն էր:

Մեր այն հարցին, թե ինչ միջոցներով են եկել Երևան, նա ասել է, որ կազմակերպությունը բոլոր մարզերին գումար է տրամադրել փոխադրամիջոցի և սննդի համար:

«Մենք պայքարում ենք աղանդների դեմ, թմրամոլության դեմ, մեր հայրենասիրական կոչերով թմրամոլներին աշխատում ենք հետ բերել: Ես գիտեմ, որ, իմ կարծիքով, կազմակերպությանն աջակցում են մեծ հայրենասերները` Ռալֆ Յիրիկյանը, Արարատի պղնձամոլիբդենային կոմբինատը, մնացածն էլ, կներեք, ես չգիտեմ»,- ասել է մեր զրուցակիցը:

Արմավիրից եկած երիտասարդները չկարողացան պատասխանել, թե որն է իրենց կազմակերպության նպատակը և գաղափարախոսությունը:

– Ճիշտն ասած` չգիտենք ինչն ա գաղափարախոսությունը, բերել են, եկել ենք:

– Որտեղի՞ց և ինչպե՞ս եք եկել:

– Մալիշկայից` Վայոց Ձորից, Շահբազյան Սմբատն ա բերել, հեսա ինքը կգա կասի էլի:

– Ինչի՞ համար եք եկել, այսօր ի՞նչ միջոցառում է:

– Ճիշտն ասած մենք էլ տոշնի չգիտենք, բայց հեսա մեր ղեկավարը կգա կասի, էլի:

Մատենադարանի մոտ երաժշտություն էր հնչում, երգ ու պար, երիտասարդները պարում էին, իսկ մարզերից ժամանած խմբերը դրոշներով մոտենում Մատենադարանին: Հանդիսությունը շարունակվում է մինչ այժմ: