Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում նկարահանված ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի փառատոնին

Լեռնային Ղարաբաղում նկարահանված ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի փառատոնին

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվելիք Անկախ ֆիլմերի փառատոնի շրջանակներում կցուցադրվի Հայաստանում նկարահանված «Here» («Այստեղ») ֆիլմը:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 20-ին, 21-ին և 22-ին: Ֆիլմը անգելերեն լեզվով է, սակայն թուրք հանդիսատեսի համար կցուցադրվեն թուրքերեն լեզվով սուբտիտրեր:

«Here» ֆիլմի սցենարի հեղինակներն են Բրեյդեն Քինգը և ավստրալացի գրող Դենի Վեյլենտը: Քինգը միաժամանակ նաև ֆիլմի ռեժիսորն է: Նա ժամանել է Հայաստան 2004 թվականին և, իր խոսքով, «սիրահարվել է Հայաստանին ու որոշել անպայման երաժշտական ֆիլմ նկարահանել այս հեքիաթային երկրի մասին»:

Քինգի խոսքով`Հայաստանում ֆիլմ նկարահանելու գաղափարը նրան հուշել է ռեժիսոր Կարինե Թորոսյանը: «Կարինեն պատմում էր Հայաստանի պատմության, ինչպես նաև այնպիսի ռեժիսորների մասին, ինչպիսիք են Փարաջանովն ու Փելեշյանը: Հիմա, հետադարձ հայացք նետելով, հասկանում, որ նա գիտեր`ինչ է անում»:

Հարցին, թե ինչու է Քինգը ընտրել հենց Հայաստանը, ռեժիսորը պատասխանում է, «Այդ հարցին բազմաթիվ պատասխաններ կան, սակայն ամենաազնիվն այն է, որ ինձ Հայաստան բերեց երկրի պատմությունը: Ես հիացած էի հայ կինոարտադրության պատմությամբ և ստեղծագործական մշակույթով, և միաժամանակ չէի կարող հավատալ, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի պես վայր: Հայաստան ժամանելուց ընդամենը մի քանի ժամ հետո ես հասկացա, որ այլևս ոչ մի տեղ պետք չէ գնալ»,- ասում է Քինգը:

«Here» ֆիլմը ուշագրավ է նաև նրանով, որ երկու հերոսներից մեկի`Ուիլ Շեփարդի դերը, կատարում է հոլիվուդյան աստղ Բեն Ֆոսթերը, իսկ նրա ուղեկցորդուհի Գադարինե Նաջարյանի դերը վստահել են բելգիացի Լուբնա Ազաբելին, ով ծագումով Մարոկկոյից է: Վերջինս նկարահանվել է նաև «Արամ» ֆիլմում:

Ֆիլմում ներկայացված է ամերիկացի քարտեզագրման ինժեների և ծագումով հայ լուսանկարչուհու ռոմանտիկ պատմությունը, ֆիլմի իրադարձությունները ծավալվում են  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Ուիլը պայմանագրի համաձայն ժամանում է Հայաստան` տեղանքի ավելի ճշգրիտ քարտեզագրում իրականացնելու համար, և շրջաններից մեկի հյուրանոցում հանդիպում է հայ ներգաղթյալ լուսանկարչուհի Գադարինեի հետ: Վեջինս ծնվել է Հայաստանում, սակայն երկար տարիներ անցկացրել է արտասահմանում, և այժմ փորձում է հասկանալ` ինչն է կապում իրեն իր հայրենիքի և մշակույթի հետ:

Անբացատրելի հոգևոր կապ զգալով` զույգը որոշում է միասին շարունակել ճանապարհը: Ուիլն ու Գադարինեն շրջում են Հայաստանի բոլոր մարզերով և ի վերջո ավարտում են ճանապարհորդությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: