Home / Հայաստան / Լիբիայի ցույցերի ընթացքում ուժայինները տասնյակ մարդկանց են սպանել

Լիբիայի ցույցերի ընթացքում ուժայինները տասնյակ մարդկանց են սպանել

Վերջին երեք օրվա հակակառավարական ցույցերի ընթացքում 84 մարդ է զոհվել, նշում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Ցսւյցերի մասնակիցների խոսքով՝ զոհերի թիվն իրականում ավելի մեծ է:

Նշենք, որ Լիբիայում փողոց դուրս եկած ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը: Քադաֆին երկրում կառավարում է 41 տարուց ավելի:

Այսօր Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքում հազարավոր մարդիկ մասնակցել են երկու օր առաջ զոհված ցուցարարների հուղարկավորության արարողությանը: Այդ ընթացքում կրկին բախումներ են սկսվել ժողովրդի և ուժայինների միջև, որի հետևանքով, ըստ արևմտյան լրատվամիջոցների, 15 մարդ է զոհվել:

Համաձայն Բենղազիում աշխատող բժիշկ Վուվուֆաք Ալ-Ցուվայլի, քաղաքային հիվանդանոցում ինքն առնվազն 70 զոհված մարդ է տեսել: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում նա նաև ասել է, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի շտապ օգնության մեքենաները մոտենան ցուցարարներին և օգնեն վիրավորներին:

Մյուս ականատեսները նշում են, որ կառավարական զորքերը առանց վարանելու կրակում են մարդկանց վրա:

«Սա մեծ սպանդ է: Նման բան մենք երբեք չենք տեսել: Սարսափելի է», – նշել է «Ալ Ջազիրայի» մեկ այլ զրուցակից, ով չի ցանկացել ներկայանալ անվտանգության նկատառումներով:

Չնայած այն փաստի, որ զորքերը փորձում են ճշել բողոքավորներին, ցույցերի ալիքը տարածվում է երկրով մեկ: Ցույցեր են ընթանում նաև Բայդա և Թոբրուկ քաղաքներում: Լիբիայի պետական հեռուստատեսությունը չի ցուցադրում հակակառավարական ցույցերը՝ փոխարենը հեռարձակելով Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցող Քադաֆիի կողմնակիցների երթերը, որոնց ընթացքում վերջիններս վանկարկում են նախագահի անունը:

Լիբիայում արգելափակված է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, որը մանրամասնորեն լուսաբանում է հակակառավարական ցույցերի ընթացքը: