Home / Հայաստան / «Միացնել հրապարակը». Հեղափոխական իրավիճակի բնորոշման մասին

«Միացնել հրապարակը». Հեղափոխական իրավիճակի բնորոշման մասին

Հեղափոխական իրավիճակի բնորոշման հարցը, Հայաստանում հեղափոխական ալիքի բարձրացման հավանականությունը ու ցանկալիության հարցը երեկ քննարկվել է «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստի ընթացքում:

Արվեստագետ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է փիլիսոփա Ժորժ Սորելի հեղափոխական բռնության մասին տեսությունը՝ կարևորելով երկու պահ՝ հեղափոխական բռնությունը չի նույնանում արյունահեղության ու ավերակչության հետ, այլ իրենից ներկայացնում է բռնություն օրինականությունը կորցրած ինստիտուտների նկատմամբ, և երկրորդը՝ հեղափոխությանը անհրաժեշտ է «հեղափոխական առասպել», ապագայի տեսլականների համակարգ:

Արվեստագետ Նազարեթ Կարոյանը նշել է, որ հասարակությունը, ժողովրդական զանգվածը ունի հեղափոխական ստեղծագործության ներուժ, և քաղաքական առաջնորդության դերն է՝ ոչ թե հղկել, ձևավորել, և, ի վերջո, կասեցնել այդ հեղափոխական ստեղծագործությունը, այլ՝ հետևել նրան իր մարտավարության մեջ, հանգեցնել և ձևակերպել քաղաքական գաղափարները հեղափոխական կենդանի ազդակներից:

Հրապարակախոս Արա Նեդոլյանի խոսքով՝ առկա են ինչպես հեղափոխական պատրաստակամությունը և ստեղծարարությունը ժողովրդի մեջ /հիմնավորելով դա մարտի մեկի իր տեսած տեսարաններով/, այնպես էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ունակությունն անհրաժեշտ պահին բարձրացնել հեղափոխական ալիքը, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ «միացնել Հրապարակը»: Նեդոլյանը ենթադրել է, որ այդ «միացումի» պահը (ՀԱԿ-ի ղեկավարության կողմից) ընտրվելու է ըստ հեղափոխական նոր առասպելի, ընդհանրացված տեսլականի, հասունացման՝ եթե մարտի մեկին կար վտանգ, որ հեղափոխություն կատարելով, Հայաստանը միայնակ է հայտնվելու հակահեղափոխական տարածաշրջանում, ապա վերջին մերձավորարևելյան զարգացումները հույս են տալիս սպասելու հեղափոխական ալիքի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Իրանում, ինչը հանելու է անվտանգության հետ կապված մտավախությունները և ապահովելու է ինտուիտիվ ընկալելի ապագայի տեսլական հասարակության լայն շերտերում:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը և հրապարակախոս Լալա Պողոսյանը նշել են, որ իրենք գերադասում են բանական թափանցիկ պայմանավորվածության կայացում հասարակության մեջ՝ «պայմանագիր»՝ ըստ Վարդանյանի, «ցանց»՝ ըստ Պողոսյանի:

Բանավեճի մյուս մասնակիցները, սակայն, նշել են, որ հեղափոխության դեպքում հնարավոր է շատ լայն, ավելի ինտուիտիվ, քան ռացիոնալ պայմանագրի, կամ առասպելի, կամ՝ հեղափոխական ալիքի ձևավորում, որի հիման վրա միայն արդյունավետ կլինի հետագայում հասարակական ռացիոնալիզացիայի, կայուն պայմանագրի կամ ցանցի ձևավորում:

ՀԱԿ անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հավաստիացրել է ներկաներին, որ իշխանափոխության հասնելու աշխատող ռազմավարություն Կոնգրեսն ունի, և այն գործի է դրվելու՝ հաշվի առնելով իրավիճակի բոլոր հանգամանքները, ընթացող և սպասելիք զարգացումները ներքին և արտաքին առումներով:

«Փոքր Խորհուրդը» որոշել է իր հաջորդ նիստում շարունակել քննարկել հեղափոխության էության և հեղափոխական իրավիճակի բնորոշման հարցերը:

Տեքստը տրամադրել է Արա Նեդոլյանը: