Home / Հայաստան / Քադաֆին կոչ է անում քաղաքացիական պատերազմի «թմրանյութեր օգտագործողների» դեմ

Քադաֆին կոչ է անում քաղաքացիական պատերազմի «թմրանյութեր օգտագործողների» դեմ

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին այսօր ելույթ է ունեցել Լիբիայի հեռուստատեսությամբ և հայտարարել է, որ կռվելու է մինչև վերջ ու, եթե հարկ լինի, մահանալու է մարտիրոսաբար:

Սա Քադաֆիի երկրորդ ելույթն է այն պահից ի վեր, երբ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և պահանջում են նրա հրաժարականը: Նշենք, որ առաջին ելույթի ժամանակ Քադաֆին ընդամենը 20 վայրկյան է հեռուստատեսությամբ երեևացել՝ հայտարարելով, որ ինքը երկրում է և չի պատրաստվում փախչել:

Իր երկրորդ ելույթի ընթացքում Քադաֆին հայտարարել է, որ տեղի չի տա ժողովրդի պահանջներին, որովհետև ցուցարարների «փոքր խումբ երիտասարդներին փող ու թմրանույթեր են տվել», այդ իսկ պատճառով էլ վերջիններս վառում են կառավարական շենքերը:

«Ես զինվոր եմ և պայքարելու եմ մինչև վերջ: Ես վերջում պատրաստ եմ մահանալ մարտիրոսի պես: Ես հեղափոխական եմ մինչև մազերիս ծայրը», – ասել է Քադաֆին:

Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին փողոց դուրս գալ և ոչնչացնել նրանց, ովքեր իր դեմ են պայքարում:

«Ես դիմում եմ նրանց, ովքեր սիրում են Քադաֆիին: Դուրս եկեք փողոց և գրոհեք այդ մարդկանց: Նրանք հարբեցնում են ձեր երեխաներին և մահվան ուղարկում: Ինչո՞ւ: Որպեսզի ոչնչացնեն Լիբիան», – հայտարարել է Լիբիայի ղեկավարը:

Նրա համոզմամբ իր կողմանկիցները մեծամասնություն են կազմում, իսկ ինքը դեռևս ոչ մի կրակոց ցուցարարների կողմ չի արձակել»

«Եթե ես կրակելու հրաման տամ, ամեն ինչ կվառվի»:

Նշենք, որ երկու օր շարունակ Քադաֆիի հրամանով բանակը կրակում է ցուցարարների վրա: Արևմտյան գործակալությունների հաղորդմամբ, բանակի գործողությունների արդյունքում առնվազն 250 մարդ է զոհվել:

Լիբիայի ղեկավարի ելույթը ցուցարարները դիտել են երկրի մայրաքաղաք Տրիպոլիի Կանաչ հրապարակում: Ելույթից անմիջապես հետո ակտիվիստները պատրաստակամություն են հայտնել շարունակել պայքարը Քադաֆիի ռեժիմի դեմ: