Home / Հայաստան / Մահմեդական աշխարհում առաջին ժողովրդավարական երկիր Ադրբեջանը նախանձում է Թուրքիային

Մահմեդական աշխարհում առաջին ժողովրդավարական երկիր Ադրբեջանը նախանձում է Թուրքիային

Թեև Ադրբեջանը և Թուրքիան շատ ընդհանուր բաներ ունեն լեզվում, ինչպես նաև մշակույթի մեջ, ադրբեջանցիները, այդուհանդերձ, սեփական բազմաշերտ ինքնագիտակցություն ունեն` հարուստ իրանական, ռուսական, եվրոպական և կովկասյան ժառանգությամբ, Hurriyet պարբերականում գրում է Եվրախորհրդարանում դեմոկրատների և սոցիալիստների քաղաքական խորհրդատու Էլդար Մամեդովը:

Թեև ադրբեջանցիները հիանում են Թուրքիայի տնտեսական աճով և ռազմական նվաճումներով, նրանք միաժամանակ զգում են, որ իրենց սեփական հասարակությունն ավելի պրոգրեսիվ է կրթվածության ավելի բարձր մակարդակի շնորհիվ, իրենց մոտ ավելի խորը աշխարհիկացում է ընթանում և ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում կանանց իրավունքները, գրում է հեղինակը:

«Նրանք հպարտանում են նրանով, որ մահմեդական աշխարհում հանդիսանում են առաջին աշխարհիկ ժողովրդավարական հանրապետությունը, մահմեդական երկրների մեջ առաջին թատերական ներկայացման և առաջին օպերայի բեմադրման հայրենիքն են: Այս փաստերը շատ կարևոր են նրանց ինքնաընկալումը հասկանալու համար: Այս համատեքստում որևէ առիթով Թուրքիայի` որպես «Մեծ եղբոր» և հովանավորի մասին խոսելը կանխատեսելիորեն վատ ընդունելության է արժանանում»,- գրում է Մամեդովը:

Ըստ նրա` պատկերն ավելի են բարդացնում երկու երկրներում առկա տարբեր քաղաքական ռեժիմները և երկրների արտաքին քաղաքականության ուղղվածությունը:

Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ավելի անհանդուրժող է դարձել հատուկ կարծիքների հանդեպ, մինչև անգամ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո մեջլիսում ընդդիմություն չկա: Միաժամանակ  արտաքին քաղաքականության հարցերում Ադրբեջանի մոտեցումը զարմանալիորեն գիտակցված և արևմտամետ է:

Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան կարող է հավակնել ավելի ժողովրդավարական համարվելուն, քան Ադրբեջանը, սակայն Թուրքիայի «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կառավարման օրոք նրա արտաքին քաղաքականությունը բացասական ազդեցության է ենթարկվում այն պատճառով, որ քաղաքական գործիչները շատ հաճախ ցանկալին իրականի տեղ են ընդունում, իսլամամետ ուղղվածություն ունեն Իսրայելի, Իրանի, Սուդանի հետ հարաբերություններում:

Այս ամենի արդյունքում, Թուրքիան և Ադրբեջանը հեռացել են միմյանցից միջազգային և ներքին մի շարք քաղաքական խնդիրների պատճառով: Ադրբեջանը, օրինակ, սերտ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ այն բանից հետո, երբ Թուրքիան ընդհարում ունեցավ այդ երկրի հետ: Ադրբեջանն ավելի հաճախ է քննադատում Իրանի գործող իշխանություններին, քան Թուրքիան, և նրա վերաբերմունքը Իրանի նկատմամբ համարժեք է Արևմուտքի վերաբերմունքին:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, Թուրքիայում շատերը Ադրբեջանին բռնապետական նավթային երկիր են համարում, որն ապրում է առանց ուշադրություն դարձնելու այնպիսի երևույթների վրա, ինչպիսին է օրենքի գերակայությունը:

«Ադրբեջանցի ազատականները, որոնք մի ժամանակ հույս ունեին, թե Թուրքիայի ինտեգրումը Եվրոպային դրականորեն կանդրադառնա Ադրբեջանի վրա, այժմ տարակուսանքով են նայում այն փաստին, թե ինչպես է խոսքի ազատ արտահայտումն ավելի մեծ վտանգի տակ դրվում AKP-ական Թուրքիայի պայմաններում»,- գրում է Մամեդովը: