Home / Հայաստան / «Բարոյական աջակցություն» Լիբիայի ցուցարարներին. Քադաֆին դեռ համառում է

«Բարոյական աջակցություն» Լիբիայի ցուցարարներին. Քադաֆին դեռ համառում է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն որոշում է կայացրել սառեցնել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի, նրա ընտանիքի և մերձավորների հաշիվները, ինչպես նաև արգելել նրանց այլ երկրներ ճանապարհորդել:

ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև որոշել է հետաքննություն սկսել Հաագայի Միջազգային Քրեական դատարանում՝ կապված հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանության դեպքերի հետ:

Քադաֆիից պահանջել են «անհապաղ դադարեցնել բռնությունը և քայլեր ձեռնարկել Լիբիայի բնակչության իրավական պահանջները բավարարելու ուղղությամբ»:

ՄԱԿ-ը Լիբիայի իշխանություններից պահանջել է «հարգել մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար օգնության կանոնները, հանել բոլոր տեսակի ԶԼՄ-ների վրա դրված արգելքը»: Այլ երկրներին արգելվել է Լիբիային զենք և զինամթերք վաճառել կամ մատակարարել: Այնուամենայնիվ, հակառակ Լիբիայի ընդդիմության սպասումներին, ՄԱԿ-ի ԱԽ-ն ռազմական միջամտության կամ Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային հայտարարելու որոշում չի կայացրել:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լիբիայի իրադարձությունները այն բանից հետո, երբ հյուսիսաֆրիկյան երկրում ավելի քան տասը օր շարունակվում են հակակառավարական ցույցերը, և Քադաֆիին սատարող զինվորականները ծանր հրետանի և ռազմական ինքնաթիռներ են օգտագործում ցուցարարների դեմ՝ սպանելով հարյուրավոր մարդկանց:

ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցիչ Իբրահիմ Դաբաշին, ով այն լիբիացի դիվանագետների շարքում է, ով դատապարտել է Քադաֆիի գործողությունները, նշել է, որ ՄԱԿ-ի որոշումը «բարոյական աջակցություն է» այն մարդկանց համար, ովքեր պայքարում են Լիբիայի 68-ամյա առաջնորդի դեմ:

«Անվտանգության խորհրդի այս քայլը կօգնի վերջ տալ ֆաշիստական ռեժիմին, որը մինչ օրս գործում է Տրիպոլիում»:

Նշենք, որ Լիբիայի ընդդիմությունն արդեն կենտրոն է ստեղծել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բենղազիում, սակայն Տրիպոլին հիմնականում գտնվում է Քադաֆիի զորքերի վերահսկողության ներքո, ովքեր շարունակում են արյան մեջ խեղդել ժողովրդի ընդվզումը: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, Լիբիայում զոհերի թիվն անցել է 2500-ից: ՄԱԿ-ի տվյալներով՝ բախումների ընթացքում մահացել է ավելի քան 1000 մարդ: