Home / Հայաստան / «Խորը փոփոխություններ». ԱՄՆ դեսպանը` քաղաքացիական հասարակության մասին

«Խորը փոփոխություններ». ԱՄՆ դեսպանը` քաղաքացիական հասարակության մասին

Ցանկացած պետության թիվ մեկ գերակայությունն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Ժողովրդավարական պետությունը պետք է ունենա արդյունավետ կառավարություն, որը կստեղծի ու կյանքի կկոչի օրենքները, կլուծի վեճերը և կապահովի խաղաղությունը: Այս մասին Երևանի պետական համալսարանում հնչեցրած «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» իր ելույթում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:

«Սակայն  մենք տեսել ենք տարբեր ժամանակներում  և տարբեր մայրցամաքներում, որ երբ  քաղաքացիները չեն հավատում, որ իրենց  կառավարությունը ներկայացնում է  իրենց շահերը, ապա չի կարող ապահովվել իրական անվտանգություն: Իրական  անվտանգությունը սոսկ բռնության  բացակայությունը չէ, այլ հնարավորությունների  առկայությունը: Հնարավորություն ունենալ  լավ գործ ունենալ, ինչպես նաև հնարավորություն  մասնակցել քաղաքական գործընթացին», – նշել է նա:

Յովանովիչի խոսքով` քաղաքացիական  հասարակությունն անհրաժեշտ է կառավարությանը` որպես քննադատ, որպես գործընկեր, որպես պահանջներ ներկայացնող, որպես ուսումնական հիմք և որպես նորարարության աղբյուր:

Նա ընդգծել է, որ քննադատությունը ոչ մեկին էլ դուր չի գալիս և քննադատության ենթարկվելը, այն էլ հրապարակավ, բոլորովին հաճելի չէ:

«Սակայն ես հասկանում եմ, որ ինձ քննադատողներն իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, ավելին, նրանց քննադատությունը անհրաժեշտ է, անկախ այն հանգամանքից, թե ես ինչ եմ զգում կամ մտածում դրա վերաբերյալ: Ինչպես  որոշ ժամանակ առաջ նկատեց նախագահ  Սարգսյանը ` Հայաստանի առաջընթացը պահանջում է «ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում … և եվրոպական չափանիշների հետևողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ»: Պարզ  է, որ լուծումը խոսքի ազատության կամ գաղափարների հասանելիության սահմանափակումը չէ, կամ այս գաղափարների պաշտպանության նպատակով քաղաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը, այլ այն, որ այդ գաղափարները, նույնիսկ մեր ընդդիմադիրներից եկող քննադատությունը, պետք է ընդունել լրջորեն և հրապարակավ բանավիճել դրանց արժանիքների շուրջ: Քաղաքացիներն ինչքան շատ տեղեկատվություն ունենան, այնքան ավելի լավը կլինեն նրանց կայացրած որոշումները:

Մենք  կարող ենք լինել ճիշտ կամ սխալ, սակայն միայն Հայաստանի ժողովուրդն է, որ իրավասու է եզրահանգում անել`բոլորի համար ազատ բանավեճի ու ազատ և արդարացի ընտրությունների միջոցով», – ասել է դեսպանը:

Նա նշել է, որ քաղաքացիական հասարակությանն իրավասություններով օժտելը ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ու բարօրության առանցքն է, այլ նաև կենսական նշանակություն ունի երկրի ազգային անվտանգության համար:

«Ժողովրդավարության խորացումը և քաղաքական երկխոսության ակտիվացումը, որոնց մասին խոսել է նախագահ Սարգսյանը, պահանջում են խորը և արմատական փոփոխություններ: Կպահանջվեն բարեփոխումներ Հայաստանի օրենքներում, հաստատություններում, և քաղաքական մշակույթում` մեծացնելու անձի ազատությունը, իրավունքները և պատասխանատվությունը:

Դրա համար կպահանջվի ՀԿ ոլորտի կարգավորման  ու ՀԿ-ների պաշտպանության ասպարեզում միջազգային լավագույն փորձի կիրառում, բարեգործական ու կամավորական աշխատանքի խրախուսում, եկամուտներ ապահովող որոշակի տեսակի գործունեության թույլատրում ՀԿ-ներին` իրենց առաքելությունն իրականացնելու և կառավարության հետ աշխատելու ու գործակցելու համար անհրաժեշտ միջոցներ ձևավորելու նպատակով:

Դրա համար կպահանջվի օրենքի հետևողական ու հավասար կիրառում բոլորի նկատմամբ` լինի հարուստ ու հզոր, թե աղքատ ու անհայտ անձնավորություն: Դրա համար կպահանջվի, որ խաղաղ օրինական հանրահավաքները չցրվեն ու չլինեն ոտնձգություններ դրանց հանդեպ:

Դրա համար կպահանջվեն ԶԼՄ-ներին առնչվող  կանոններ, որոնք հանրության համար լսելի ձայների ու գաղափարների  շրջանակը ոչ թե կնեղացնեն, այլ առավել կընդլայնեն` օգտագործելով տեխնիկական առաջընթացի ընձեռած աննախադեպ հնարավորությունները  ու որոնք կպաշտպանեն ԶԼՄ-ներին ցանկացած կողմից եկող քաղաքական ճնշումներից, որպեսզի եթերը արդարացիորեն հասանելի լինի տարբեր գաղափարների ու կարծիքների համար:

Դրա համար կպահանջվի, որ հանցագործները, որոնք հարձակումներ են գործում լրագրողների  վրա, բռնվեն ու պատասխանատվություն կրեն:

Դրա համար կպահանջվի, որ կառավարությունը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը, քաղաքական կուսակցությունները ապահովեն հետագա ընտրությունների համապատասխանությունը ոչ միայն միջազգային ստանդարտներին, այլ նաև դրանց համապատասխանություն Հայաստանի ժողովրդի պահանջներին ու ակնկալիքներին», – ասել է դեսպանը:

Նրա խոսքով` եթե ՀԿ-ները, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, ԶԼՄ-ները իրավունք ունեն քննադատել, և դրանք պետք է այդ իրավունքն ունենան, ապա նրանք նաև պարտավոր են կառավարության հետ բարեխիղճ կերպով լուծումներ փնտրել, իսկ կառավարությունն էլ իր հերթին պետք է ապահովի որոշումների կայացման գործընթացի հրապարակայնությունը և խրախուսի հանրային բանավեճը:

«Ուզում  եմ ելույթս ավարտել նախագահ Օբամայի  խոսքերով: 2009թ. հունիսին Կահիրեի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «… Խոսքս ուղղում եմ բոլոր երկրների, բոլոր հավատքի տեր երիտասարդներին. դուք առավել քան որևէ մեկը ունեք աշխարհի մասին պատկերացումները վերանայելու, վերափոխելու կարողություն: Մենք բոլորս ժամանակի մի կարճ հատված ապրում ենք այս աշխարհում: Հարցն այն է, թե այդ ժամանակահատվածում ինչն է մեր ուշադրության կենտրոնում. այն հարցերը, որ մեզ հեռացնում են իրարից, թե մեր պարտավորությունը, որ տևականորեն աշխատենք գտնելու ընդհանուր եզրեր ու կերտելու այնպիսի ապագա, որում կուզենայինք ապրեին մեր երեխաները և որում կհարգվեր բոլոր մարդկային էակների արժանապատվությունը», – իր ելույթն ավարտել է Մարի Յովանովիչը: