Home / Հայաստան / Նախկին արտգործնախարարը Հայաստանում հեղափոխություն չի ուզում, բայց պատճառներ տեսնում է

Նախկին արտգործնախարարը Հայաստանում հեղափոխություն չի ուզում, բայց պատճառներ տեսնում է

Արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխական ալիքը պետք է ահազանգ դառնա Հայաստանի իշխանությունների համար: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան» շարքի առաջին քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Չէի ուզենա, որ Հայաստանը նման ցնցումներ ունենա, քանի որ դա կարող է տարիներով, տասնամյակներով հետ գցել մեր երկիրը»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Օսկանյանը նշել է, որ այն երևույթները, որոնք պատճառ են հադիսացել Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում հեղափոխության համար, այսօր առկա են նաև Հայաստանում:

Ամեն դեպքում, նախկին պաշտոնյան կոչ է արել խուսափել այդ ճանապարհից: Նրա խոսքով` «ընտրությունների միջոցով ճանապարհը դեռ փակ չէ, սակայն այն դեպքում, եթե ժողովուրդն անտարբեր չլինի»:

«Մեր ժողովուրդը, երբ հուսալքվում է, ցավոք սրտի, ոչ թե փողոց է դուրս գալիս, այլ գնում է երկրից», – ասել է Օսկանյանը:

Օսկանյանը դժվարացել է պատասխանել, թե որ ուժն է ի զօրու համախմբել ժողովրդին: Փոխարենը` նա բերել է Թունիսի և Եգիպտոսի օրինակները, որտեղ ժողովուրդը դուրս է եկել փողոց առանց առաջնորդ ունենալու:

«Դա եղել է ժողովդրի կամքը: Ժողովրդից շատ բան է կախված», – եզրափակել է Օսկանյանը: