Home / Հայաստան / «Մեծ իդեալիստներն» օգնել են նորընտիր օմբուդսմենին բացահայտել սկզբունքները

«Մեծ իդեալիստներն» օգնել են նորընտիր օմբուդսմենին բացահայտել սկզբունքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում փորձել է բացահայտել իր մոտեցումներն ու սկզբունքները.

«Մի մեծ իդեալիստ գրել է, որ մարդիկ ծնվում են հավասար իրավունքներով: Հետո հազարավորները ցինիզմով ու խորաթափանցությամբ քննադատել են ասվածը:  Ոմանք էլ ոչ պակաս ջանասիրությամբ փորձել են իրականություն դարձնել այն: Պարադոքս է, սակայն և վերջիններս` իրենց վճռական հավատով, և նրանք, ովքեր անխնա քննադատում էին, նպաստեցին, որ այս գաղափարը թեպետ դանդաղորեն, բայց ամրանա մարդկանց և ժողովուրդների գիտակցության մեջ:

Որպես իրավաբան` մարդկանց  հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք, որովհետեւ գիտեմ, որ այն իրավագիտության հիմքն է:

Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ, որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է:

Որպես իրատես` չեմ կասկածում, որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ, քան արժանանում հիացմունքի:

Բայց որպես լավատես` ես հավատում եմ, որ «կաթիլը քար է ծակում»:

Եվ վերջապես որպես հումանիստ` ես լրիվ համաձայն եմ մեկ այլ իդեալիստի հետ, ով ասել է. «Ոչ ոք քեզ չի պարտադրում փոխել աշխարհն ու ավելի լավը դարձնել այն, բայց և ոչ ոք քեզ չի ազատել այդ գործին մասնակցելուց»:

Իմ գործունեության մեջ ես առաջնորդվելու եմ հետևյալ սկզբունքով. դոմինանտը ոչ թե գործն է որպես արդյունք, այլ գործի հետևում կանգնած կոնկրետ մարդը, որովհետև առանձին մարդկանց հաղթանակների գումարը հաճախ ավելին է, քան բոլորի միջև բաժանված մեկ հաղթանակը:

Ինչպիսին կլինի իմ գործը, ցույց կտա ժամանակը, որը ես ուզում եմ արդյունավետ օգտագործել: Հենց այդ պատճառով էլ ես որոշել եմ օգտվել հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունից, բայց ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն  կսահմանափակվեմ 50 օրով: Կարծում եմ` կարող եմ ինձ նման բան թույլ տալ, քանի որ ոլորտն ինձ բավական հայտնի է, իսկ կոնկրետ գործերի ուսումնասիրության համար կօգտագործեմ լռության այս ընթացքը: Ես գիտեմ, որ «կոնկրետություն» վերացական գոյականի հետևում կոնկրետ մարդիկ են, որոնց համար սպասման յուրաքանչյուր օրը ժամկետ է, իսկ ես ուզում եմ ոչ թե երկարացնել, այլ կրճատել այդ ժամկետը:

Շնորհակալ եմ նրանց, ում իմ ընտրվելն անտարբեր չթողեց: Նրանց, ովքեր բացասաբար արձագանքելով դրան` ինձ առիթ տվեցին ևս մեկ անգամ վելուծել անցյալի իմ արարքները եւ եզրակացություններ անել ապագայի համար: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր իրենց դրական վերաբերմունքով ամրացրին հավատս իմ նկատմամբ և ցանկությունը` լինել առավելագույնս արդյունավետ իմ այս պաշտոնում»: