Home / Հայաստան / Ոստիկանությունը համոզված է, որ ԱԺ պատգամավորները հորդորել են քաղաքացիներին խախտել հասարակական կարգը

Ոստիկանությունը համոզված է, որ ԱԺ պատգամավորները հորդորել են քաղաքացիներին խախտել հասարակական կարգը

Ոստիկանության ծառայողները, իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, սակայն նրանք ԱԺ պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով, հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին՝ շարունակելով խախտել հասարակական կարգը: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության կողմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Դրանից հետո ոստիկանության ծառայողները ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու և ոստիկանության ծառայողներին վիրավորելու համար, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Վարդգես Գասպարին, իսկ մյուս քաղաքացիներն ուղեկցվել են դեպի Վ. Սարգսյան փողոց: Հավաքվածները փորձել են Հանրապետության հրապարակի կենտրոնում անցկացնել բողոքի ակցիա: ՀՀ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգը ապահովելու նպատակով, իրենց իրավասության սահմաններում, իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների անօրինական գործողությունները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ուղղված հասարակական պատշաճ կարգ ապահովելուն և ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսևորած անձանց կարգի հրավիրելուն», – նշում են հաղորդագրության հեղինակները:

Epress.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանները կոպտորեն հրում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև ակցիայի մասնակիցներին: Ոստիկանները նաև հարվածել են պատգամավորներին, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանին և Արմեն Մարտիրոսյանին: Այդ ընթացքում Անահիտ Բախշյանն իրեն վատ է զգացել, սկսել է լացել, մարդիկ շտապ օգնության մեքենա են կանչել և պատգամավորին տեղափոխել են մեքենայի մեջ, իսկ այնուհետև` տուն: