Home / Հայաստան / Ահաբեկիչներին և ծայրահեղականներին կընդգրկեն ՀԱՊԿ-ի ցուցակում

Ահաբեկիչներին և ծայրահեղականներին կընդգրկեն ՀԱՊԿ-ի ցուցակում

Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, միասնական ցուցակ կկազմեն, համաձայն որի որևէ երկրում օրենքից դուրս հայտարարված տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունները հետապնդման կենթարկվեն նաև մնացյալ երկրներում, հաղորդել է ՀԱՊԿ-ի քարտուղարության աղբյուրը:

ՀԱՊԿ-ում կարծում են, որ ցանկացած ահաբեկչական կազմակերպություն, որը, օրինակ, արգելված է Ռուսաստանում, պետք է նույն կարգավիճակն ունենա նաև ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետություններում և հետապնդման ենթարկվի համապատասխան կերպով: Մինչ այժմ որևէ երկրում հետապնդվող հանցագործ խմբավորումների անդամները բարեհաջող կերպով թաքնվում էին մեկ այլ երկրում, որտեղ նրանց նկատմամբ ոչ մի մեղադրանք չէր ներկայացվում և ոչ էլ հետապնդում էր իրականացվում:

Համաձայն աղբյուրի` ՀԱՊԿ անդամներին անհանգստացնում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Աֆղանստանի հյուսիային շրջանների սահմանին տիրող  իրավիճակը: Կենտրոնական Ասիայում ակտիվացել են տարբեր ծայրահեղական խմբավորումներ, որոնք ձգտում են որոշակի համակարգերի միջոցով, այդ թվում նաև արմատական կրոնական կազմակերպությունների, տարբեր երկրներում իրենց գործունեության ամրապնդման և տարածման համար հիմք ստեղծել: