Home / Հայաստան / Վեդիի բնակիչներից բացատրություն են պահանջում հանրահավաքին մասնակցելու համար

Վեդիի բնակիչներից բացատրություն են պահանջում հանրահավաքին մասնակցելու համար

Այսօր Վեդիի ներքին գործերի բաժին են հրավիրվել բազմաթիվ բնակիչներ, ում տեղի ոստիկանությունն առանց որևէ հիմնավորման հրավիրել է զրույցի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Վեդիի բնակիչ 30-ամյա Գարիկը:

Նրա խոսքով` առավոտյան երկու ոստիկան այցելել են իրենց բնակարան և առանց մեկնաբանելու տարել ոստիկանական բաժին:

«Եկան, ասեցին` պիտի մեքենայովս գնամ բաժին, ու չմանրամասնեցին` ինչի են տանում: Նստեցինք հենց իմ մեքենան ու գնացինք Վեդիի ոստիկանատուն»,- պատմել է Գարիկը:

Ոստիկանությունում Գարիկին, իր խոսքով, ցույց են տվել մարտի մեկի հանրահավաքի ժամանակ իր մեքենայի տեսաձայնագրությունը:

«Ասում էին` ինչի՞ ես գնացել, ինչի վա՞տ ա ամեն ինչ, ինչի՞ց եք դժգոհ: Դե ես էլ ասեցի` միշտ էլ գնացել եմ ու գնալու եմ, բացատրություն գրեցի ու դուրս եկա: Չեմ հասկանում` ինչի համար էր էս ամեն ինչը, անիմաստ գործիցս կտրեցին, ժամանակս անիմաստ գնաց»,- ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` այսօր երեկոյան Վեդիի ոստիկանության շենքի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ում նույնպես նույն հիմնավորմամբ բաժին էին հրավիրել: