Home / Հայաստան / Մարտի 8-ի պատմական խորհուրդը և իրականությունը

Մարտի 8-ի պատմական խորհուրդը և իրականությունը

Երկու տարի առաջ մարտի 8-ին Հայաստանում անցկացվել է «կարմիր խնձորի» խորհրդանշական թաղումը, որն ուղղված էր Հայաստանում տարածում ունեցող ավանդույթի դեմ, որը, ըստ կազմակերպիչների, վիրավորում է կնոջը և ոտնահարում է կնոջ իրավունքները:

Այսօր 12:30-ին Կանանց ռեսուրսային կենտրոնի ակտիվ կամավորները  Երևանում քայլարշավ են նախաձեռնելու, որի նպատակն է կոտրել հասարակության մեջ «Ֆեմինիզմի» մասին սխալ պատկերացումները:

Հին Հունաստանում պատերազմը կանգնեցնելու համար Լիսիստրատան տղամարդկանց դեմ բողոքի ակցիա է անցկացրել: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ֆրանսիացի կանայք, որոնք հանդես էին գալիս ազատության, հավասարության և եղբայրության համար, դեպի Վերսալ երթ են կազմակերպել՝ պահանջելով կանանց համար ընտրական իրավունք սահմանել:

1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքի աշխատավոր կանայք երթով անցել են Մանհեթենի փողոցներով ՝ դժգոհելով ցածր աշխատավարձների և աշխատանքի վատ պայմանների դեմ: «Դատարկ կաթսաների երթի» մասնակիցները նաև պահանջում էին կանանց համար հավասար իրավունքներ:

Այդ իրադարձությունը սկիզբ է դրել մի ավանդույթի, որը շարունակվում է մինչ օրս: Հենց մարտի 8-ն է ընտրվել որպես Կանանց միջազգային օր: Այս տոնը խորհրդանշում է ողջ աշխարհի կանանց միասնությունը սեփական իրավունքների համար պայքարում:

1910 թվականին Կոպենհագենում կայացել է Աշխատավոր կանանց երկրորդ միջազգային համաժողովը: Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջ է քաշել Կանանց միջազգային օրը տոնելու գաղափարը: Ցետկինը որպես տոնը նշելու նպատակ է ընդգծել կանանց պայքարը սեփական իրավունքների համար:

Այսօր տոնը նշվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում այն ազգային տոն է:

Նշենք, որ ԽՍՀՄ տարիներին տոնը հետզետե կորցրել է քաղաքական իմաստը և կապվածությունը խտրկանության դեմ կանանց պայքարի հետ: Դա երկրի քաղաքական իշխանության միտումնավոր գործունեության արդյունք էր. տարիների ընթացքում մարտի 8-ը սկսել է ընկալվել պարզապես որպես կանանց օր՝ կորցնելով նախնական իմաստը և ստանալով այն հնչեղությունը, որ ունի մինչ օրս:

Լուսանկարը՝  womenofarmenia.org