Գլխավոր / Հայաստան / Հայկական ալիքների լուրերը գրվում են նույն սենյակում. «ԱԼՄ»-ն բացառություն չէր

Հայկական ալիքների լուրերը գրվում են նույն սենյակում. «ԱԼՄ»-ն բացառություն չէր

Ժողովրդական Կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին պատկանող «ԱԼՄ» հեռուստաալիքին եթերից զրկելը պետք է դիտարկել որպես տեխնիկական բնույթի խնդիր: newcaucasus.com-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել  քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

««ԱԼՄ» հեռուստաալիքը ընդհանուր առմամբ անկախ ալիք չէր: Այն գործում էր իշխանությունների կանոններով, իշխանությունների ձևաչափում, նրանց կողմից թույլատրված շրջանակներում: Հայաստանի բոլոր հեռուստաալիքների լուրերը հիմնականում գրվում են նույն սենյակում, այնուհետև տարածվում են բոլոր ալիքներով, այդ հարցում ԱԼՄ-ն բացառություն չէր: Այն, որ իշխանությունները փակել են հեռուստաալիքը, պայմանավորված է ներիշխանական հարաբերություններով, հեռուստաշուկայի վերաձևավորմամբ, այլ ոչ թե խոսքի ազատության ճնշման հետ, քանի որ նման երևույթ այդ ալիքում չկար»,- պարզաբանել է փորձագետը:

Մեհրաբյանի կարծիքով` գործող իշխանությունները ձևավորվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո և դրանց արդյունքում: «Սերժ Սարգսյանը սեփական թիմ ձևավորելու դեռևս չլուծված խնդիր ունի, բացառապես սեփական թիմ, ինչը նա դեռևս չի իրականացրել: Իշխանությունների բոլոր մյուս գործողությունները գտնվում են մարտավարական կոնսենսուսների մակարդակի վրա:

Հեռուստատեսությունն այս պարագայում համարվում է բռնապետական իշխանության հաստատման չափազանց լուրջ գործիք, և, բնականաբար, այդ գործիքը պետք է սեփականացնել, ինչը բխում է հենց իշխանությունների ներքին տրամաբանությունից»,- ասել է վերլուծաբանը: