Home / Հայաստան / Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը

Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով իր անհանգստությունն է հայտնում Բաքվում վերջին օրերին երիտասարդ ակտիվիստների ձերբակալման և խոշտանգման վերաբերյալ:

Հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում զսպվածություն պահպանել և հարգել մարդկանց հավաքներ իրականացնելու իրավունքը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նախկին պատգամավորի թեկնածու Բախթիյար Հաջիևի ձերբակալությունը համարում է ճնշում նրա նկատմամբ, և քաղաքական դրդապատճառ են տեսնում Սահավաթ Սոլթանլիի և Ռաշադաթ  Ախունդովի ձերբակալությունների հարցում:

Freedom House-ի գործադիր տնօրեն Դևիդ Կրեմերը հայտարարել է, որ ակտիվիստների հետապնդումը ոչ միայն միջազգային քննադատության կհանգեցնի, այլև կուժեղացնի Ադրբեջանում սոցիալական բողոքի ալիքը:

«Շարունակվող ձերբակալությունները և խոսքի ազատության սահմանափակումները խոսում են ոչ թե ուժի, այլ Ադրբեջանի իշխանությունների թուլության մասին»,- կարծում է Կրեմերը:

Freedom House-ը դատապարտել է նաև Facebook սոցիալական ցանցի և Twitter միկրոբլոգի սահմանափակումները Ադրբեջանում: