Home / Հայաստան / Հայաստանն ու Լատվիան հեռանկարային են համարում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը

Հայաստանն ու Լատվիան հեռանկարային են համարում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները` ընդգծելով, որ դրա համար բավարար ներուժ և անհրաժեշտ նախադրյալներ կան, որոնք պետք է լիարժեքորեն օգտագործել:

Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, մետալուրգիական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ևս:

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին խոսել են նաև տարբեր մակարդակներով հաճախակի փոխայցելությունների, ակտիվ շփումների, երկու երկրների  գործարարների միջև կապերի ամրապնդման մասին, ինչին, զրուցակիցների համոզմամբ, լավագույնս ծառայում են գործարար համաժողովները: Այդ համատեքստում կարևորվել է Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի իրականացումը:

Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում այցելել է նաև հայկական եկեղեցի, որտեղ  հանդիպել է  հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ նախագահը նշել է. «Ես իմ առջև համեստ խնդիր եմ դրել ձեզ փոխանցելու մեր ժողովրդի, մեր Հայրենիքի ողջույնները, բարեմաղթանքները և մեկ անգամ ևս հաստատել, որ անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը` Ռիգայում, թե Վիլնյուսում, Փարիզում, թե Լոս Անջելեսում, Երևանում թե Վանաձորում, մենք մեկ ազգ ենք, և մեր ուժը կայանում է մեր միասնության մեջ»:

Սերժ Սարգսյանի խոսքով` որքան հզոր լինի Սփյուռքը, այնքան հզոր է լինելու Հայաստանը, և որքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր է լինելու Սփյուռքը:

Հանրապետության ղեկավարը ուրախությամբ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները, լինելով լատվիական հասարակության մի մաս, չեն մոռացել իրենց հայրենիքը, իրենց մայրենի լեզուն, կրոնը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: