Home / Հայաստան / Աջափնյակում Կոնգրեսի ակտիվիստից խլել են թռուցիկները

Աջափնյակում Կոնգրեսի ակտիվիստից խլել են թռուցիկները

Այսօր ժամը 17.00-ի սահմաններում Աջափնյակ համայնքի Հալաբյան փողոցում՝ Արդարադատության նախարարության մոտակայքում գտնվող շենքերից մեկի մուտքի մոտ Հայ Ազգային Կոնգրեսի ակիվիստ Աննա Մալխասյանից խլել են թռուցիկներով տոպրակը:

Epress.am-ի հետ զրույցում Մալխասյանն ասել է, որ երկրորդ հարկում է  եղել, երբ իր հետևից մի երիտասարդ է բարձրացել և ձեռքից խլելով թռուցիկներով տոպրակը` փախել է:

«Երբ ես նրա հետևից վազեցի և բղավեցի, որ տոպրակս գողացավ, բակում կանգնած մի քանի երեխաներ  ասացին, որ այդ տոպրակը գողացող տղայի անունը Նորիկ է»,- ասել է Աննա Մալխասյանը:

Դրսում լսելով Աննայի ձայնը շենքի մյուս մուտքում թռուցիկ բաժանող մեկ այլ ակտիվիստ Սաթիկ Առաքելյանը դուրս է եկել և Աննայի հետ միասին վազել է տղայի հետևից, սակայն չեն գտել նրան:

Աննան պատմել է, որ հետագայում, երբ իրենք շրջվել են դեպի մեկ այլ փողոց,  տեսել են, որ իրենց հետապնդում է  այդ նույն երիտասարդը, որի հետ եղել են ևս երկու քաղաքացիական հագուստով երիտասարդ, որոնք պահանջել են ակտիվսիտ կանանցից հեռանալ այդ վայրից՝ հակառակ դեպքում սպառնալով թռուցիկների մյուս մասն էլ խլել: Երբ կանայք ասել են, որ կդիմեն ոստիկանություն, երիտասարդները ծիծաղել են և հայտարարել, որ իրենք ոստիկանությունից են:  Անսալով երիտասարդների սպառնալիքներին՝ ակտիվիստները շարունակել են բաժանել թռուցիկները և այդ ընթացքում երիտասարդները հետևել են նրանց գործողություններին:

Անդրադառնալով միջադեպին՝ Հայ Ազգային Կոնգրեսի Աջափնյակի շտաբի պետ Պետրոս Գևորգյանն ասել է. «Օրը ցերեկով ավազակային հարձակում են արել կանանց վրա: Իսկ թռուցիկների մասով՝ ես դա որակում եմ գողություն և կարծում եմ, որ համապատասխան մարմինները պետք է դրան ընթացք տան»:

Ի դեպ, Պետրոս Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ Աջափնյակում նախկինում երբևէ նման դեպք տեղի չի ունեցել:

Այս միջադեպը, Գևորգյանի խոսքով, վկայում է այն մասին, որ «իշխանությունների մոտ վախի մթնոլորտ է տիրում»: