Home / Հայաստան / Սոչիում նշմարվեց՝ ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել. Սերժ Սարգսյան

Սոչիում նշմարվեց՝ ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել. Սերժ Սարգսյան

«Կա բանակցային հստակ հիմք, և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ: Երկարաժամկետ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են և, կարծես թե, Սոչիում ի վերջո նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել: Իսկ կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարևոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, պահպանությանը և երկրորդ` կարող են լակմուսի դեր կատարել ու ցույց տալ, թե ինչպես են կողմերն իրենց պարտավորությունները կատարում: Գիտեք, որ տևական ժամանակ մենք խոսում էինք հենց հրադադարի ռեժիմի պահպանման, վստահության միջոցառումների ավելացման մասին, որովհետև միշտ կարելի է կարճ ժամանակում լարվածություն ստեղծել, իսկ խաղաղության գործընթացը շատ ավելի ծանր է, և հիմա մենք, ըստ մեր պայմանավորվածությունների, մտնում ենք հենց այդպիսի գործընթաց, որտեղ պետք է կարողանանք լարվածությունը թուլացնել, ինչը հնարավորություն կտա նորմալ բանակցություններ վարել, ավարտել այդ բանակցությունները, և եթե հաջողություն լինի` հասնել մեր նպատակներին», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ հնարավորություն ունեն հետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մինչ բանակցությունները և բանակցություններից հետո, և հանրությանը ներկայացնել, թե վերջապես ինչ է կատարվել:

«Մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել, պատրաստ ենք մեր պարտավորությունները կատարել: Մենք միշտ էլ ցանկացել ենք, որ մեր զինվորները չզոհվեն, միշտ էլ ցանկացել ենք, որ խաղաղության պրոցեսն ամրապնդվի: Կարծես  թե եկել է ժամանակը, որ կողմերի նախագահները հստակ պատասխան տան` ինչպե՞ս են իրենք օգտագործում բանակցային այս փուլը, ո՞րն է նրանց նպատակը. նպատակն արդյունքի հասնե՞լն է, թե՞ բանակցություններ վարելու քողի տակ ռազմական լուծումների նախապատրաստվելը: Ասածս չի նշանակում, որ եթե բանակցություններ են վարվում, ապա Զինված ուժերի մարտունակության վրա չպետք է աշխատել: Ո՛չ, ասածս այն է, թե պրոցե՞ս են արդյոք այս բանակցությունները, թե՞ նպատակին հասնելու միջոց: Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումը տարբերվում էր այլ հանդիպումներից: Կցանկանայի, որպեսզի երևութական չլինի այն, ինչի մասին խոսեցինք: Եթե կարճ ձևակերպեմ, ապա պետք ասեմ հետևյալը` բանակցությունները շարունակվում են, կա փաստաթուղթ, որի վրա աշխատում ենք, սա երկարաժամկետ գործընթաց է և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել», – հայտրարել է Սերժ Սարգսյանը: