Գլխավոր / Հայաստան / «Հետ կանգնել գահավիժումից». Րաֆֆի Հովհաննիսյանը չի խնդրում և չի պահանջում

«Հետ կանգնել գահավիժումից». Րաֆֆի Հովհաննիսյանը չի խնդրում և չի պահանջում

«Ես ոչ հայցում եմ, ոչ խնդրում եմ, ոչ պահանջում եմ, որ որևէ մեկը ինձ համար ինչ-որ բան անի, պահանջը ժողովրդինն է, և անհրաժեշտ  է, որ ստեղծված արտակարգ այս իրավիճակի համար արտակարգ լուծումներ գտնվեն»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է այս պահին Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հացադուլ սկսելու մասին իր որոշումը նա հնչեցրել էր «Ժառանգության» այսօրվա նիստի ընթացքում, իսկ ժամեր անց եկել էր Ազատության հրապարակ` հայտարարելով, որ գիշերն անցկացնելու այդ վայրում:

«Մենք առաջին հերթին իշխանությունը դարձնելով ժողովրդինը` հիմք են տալիս, որ Հայաստանը հետ կանգնի այդ գահավիժումից, որը մեր դիմաց է, թե սոցիալտնտեսական, թե իրավական, թե նաև արտաքին»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև ասել է, որ  նպատակ չունի այլ տեղ անցկացնել իր հացադուլը, քան Ազատության հրապարակում:

Հովհաննիսյանի խոսքով` ինքը չէր ցանկանա, որ որևէ մեկը միանա իր հացադուլին, սակայն զորակցությունը լայն է, որի համար նա իր շնորհակալությունն է հայտնել:

Նշենք, որ Ազատության հրապարակ էին եկել «Ժառանգության» պատգամավորները, ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսկացության ղեկավար Արամ Սարգսյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները: