Գլխավոր / Հայաստան / Սամսոն Խաչատրյանի վերաբերյալ դատական ակտը բողոքարկվելու է. փաստաբան

Սամսոն Խաչատրյանի վերաբերյալ դատական ակտը բողոքարկվելու է. փաստաբան

Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօրվա դատական նիստից հետո հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Փաստաբանը նշել է, որ Սամսոն Խաչատրյանը խոսել է դատարանի դահլիճում և հայտարարել, որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել:

Ըստ ոստիկանության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:

Մեղադրյալի խոսքով` նշված վայրում ինչ-որ անձնավորություններ կանանց ու երեխաներին հարվածներ էին հասցնում և վիրավորում, և ինքը փորձել է կանխել այդ գործողությունները:

Նշենք, որ դատավարության ընթացքում դատարանի մոտ էին հավաքվել ՀԱԿ-ի ակտիվիստները: Այնտեղ են նաև ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Հավաքվածները վանկարկում էին «Ազատություն Սամսոնին», «Բռնեք Սերժիկին» և այլ կարգախոսներ: