Գլխավոր / Հայաստան / Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց պատգամավորի եղբոր վերաբերյալ որոշումը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց պատգամավորի եղբոր վերաբերյալ որոշումը

Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը` 2 ամսվա կալանք, վերաքննիչ դատարանն այսօր թողել է անփոփոխ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք դիմելու ենք վճռաբեկ դատարան, որից հետո էլ դիմելու ենք եվրոպական դատարան: Վճռաբեկ դիմելով` մենք հնարավորություն ենք տալիս մեր դատական համակարգին ուղղելու իրենց սխալը, իսկ երբ դիմենք եվրոպական դատարան, կտուժի և Հայաստանի վարկանիշը, և տնտեսապես կտուժեն նրանք»,- ասել է Ալումյանը:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ դատախազության, Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, «ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին  պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն»:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով:

Նշենք, որ այսօր դատարանի առջև հերթական ակցիան էր կազմակերպվել` ի պաշտպանություն Տիգրան Փոստանջյանի:

Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը «Ժառանգության» ներկայացուցիչները որակում են որպես քաղաքական հետապնդում և հաշվեհարդար Զարուհի Փոստանջյանի քաղաքական և հասարակական ակտիվության համար: