Գլխավոր / Հայաստան / Քարեր հավաքելու ժամանակը. Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում փոխել իրավիճակը հիմա և գործով

Քարեր հավաքելու ժամանակը. Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում փոխել իրավիճակը հիմա և գործով

Եկել է ժամանակը, որ գործող նախագահ պարոն Սարգսյանը` իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ, վայր իջնի և երաշխավորի վերջին քսան տարվա մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները: Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած արտահերթ նիստին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հնարավորություն է տրված, որ հենց ինքը դառնա Հայաստանի Հանրապետության իրական ժողովրդավարության ստեղծման հիմքը: 1995 թվականից մենք չենք ունեցել քաղաքակիրթ ընտրություններ, մեր ժողովրդի ձայնը գողացվել է: Սրան մենք վկա ենք եղել երեք նախագահների օրոք»,- ասել է Հովհաննիսյանը:

Կուսակցության առաջնորդը խոսել է Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև մարտի 1-ի իրադարձությունների մասին:

«Սա ամենաթողության վիճակ է: Այս վիճակը պետք է փոխել անմիջապես, միասին, հիմա, այս պահին` ոչ միայն ճառով` այստեղից ու հարթակից, այլ գործով, այն էլ` կողք կողքի: Ժամանակն է, որ բոլորս ենթարկենք մեզ քաղաքացիական զորաշարժի:

Մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակի մեջ: Ինչ-որ բան սխալ է: Այս արտակարգ իրավիճակի լուծումը պետք է գտնենք հիմա` սառը դատողությամբ` գործող իշխանության, գործող ընդդիմության և, որ ամենակարևորն է, ժողովրդի հետ միասին: Անհրաժեշտ է, որ Հայաստանի հանրությունը գնա համատեղման, միության. քարեր հավաքելու ժամանակը եկել է»,- հայտրարել է Հովհաննիսյանը: