Home / Հայաստան / «Ինձ ծեծում էին և սպառնում ատրճանակով». ֆուտբոլիստը բողոքում է Ռուսաստանից

«Ինձ ծեծում էին և սպառնում ատրճանակով». ֆուտբոլիստը բողոքում է Ռուսաստանից

Չերնոգորցի Նիկոլա Նիկեժիչը, ով հանդես էր գալիս ռուսական պրեմյեր-լիգայի նորեկ «Կուբան» ակումբում, դիմել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարներ Զեպ Բլատերին և Միշել Պլատինիին իր` արդեն նախկին ակումբի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Ակումբի ղեկավարը Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովն է:

«Կոմերսանտ» պարբերականի տրամադրության տակ հայտնված նամակում ֆուտբոլիստը խնդրում է միջազգային ֆուտբոլային կազմակերպություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել իր հետ մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

2010 թվականի  մարտի 15-ին Նիկեժիչը երկու տարով պայմանագիր էր կնքել «Կուբանի» հետ և հենց առաջին տարում օգնել էր թիմին դուրս գալ պրեմյեր-լիգա` 4 գնդակ խփելով և 3 գոլային փոխանցում կատարելով: Սակայն ձմեռային հավաքի ժամանակ  Նիկոլային չէին ընդգրկել թիմի կազմում`հայտարարելով, որ ակումբն իր ծառայությունների կարիքը չի զգում: Ֆուտբոլիստին առաջարկել են չեղյալ հայտարարել պայմանագիրը, սակայն նա հրաժարվել է կատարել նրանց ցանկությունը` ակնկալելով, որ իր համար նոր ակումբ կգտնեն:

Նրա խոսքով` այդ դեպքից հետո իր համար մարզվելու անհատական գրաֆիկ են կազմել, որն իրենից ներկայացնում էր ընդամենը երկժամյա վազք 10 աստիճան ցրտի պայմաններում, այն դեպքում, երբ իր թիմը նախապատրաստվում էր Թուրքիայի հետ հանդիպմանը: Միաժամանակ, նրան շարունակաբար առաջարկում էին պայմանագրից հրաժարվել:

2011թ. մարտի 7-ին նրան առաջարկել են ակումբի բազայի սենյակներից մեկը մտնել, որտեղ ֆուտբոլիստին միայնակ են թողել երկու ամրակազմ տղամարդկանց հետ: Նրանից կրկին պահանջել են  փաստաթղթեր ստորագրել և, մերժում լսելով,  տղամարդկանցից մեկը հարվածել է ֆուտբոլիստին լյարդի հատվածում և կրկնել  պահանջը: «Լսելով հերթական «ոչ»-ը` երկրորդ տղամարդը հանել է կոստյումը, որի ներսի հատվածում երկու ատրճանակ էր կախված, իսկ առաջինը կրկին հարված է հասցրել նրան: Նիկեժիչին գետնին տապալելով` երկուսով շարունակել են ծեծել  և խեղդել նրան, ասված է նամակում:

«Այդ իրավիճակը շարունակվում էր մոտ 20 րոպե, որից հետո ես, վերջնականապես ուժասպառ լինելով և վախենալով սեփական կյանքի համար, ստորագրեցի անծանոթ փաստաթուղթը, պատմել է Նիկեժիչը: – Հեռանալուց առաջ նրանցից մեկն ասաց, որ ես հիմարություն չանեմ, և ոչ մի տեղ չդիմեմ `սպառնալով, որ թե ինձ և թե իմ ընտանիքին կգտնեն նաև Չերնոգորիայում. որտեղ շատ ռուսներ են ապրում: Իրենք այնտեղ կապեր ունեն»:

Ֆուտբոլիստի խոսքով` ինքը շոկային վիճակում էր, սակայն, չնայած սպառնալիքներին, ամեն դեպքում համարձակվել է դիմել միջազգային ֆուտբոլային կազմակերպությանը:

«Ես որոշել եմ մինչև վերջ գնալ: Ռուսական Ֆուտբոլային Միության կողմից գործի արդար քննություն ես չեմ ակնկալում, այդ իսկ պատճառով խաղացողների և մարզիչների արհմիության հետ խորհրդակցելուց հետո ես անմիջապես դիմել եմ ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ: Չի կարելի նման գործողություններն անհետևանք թողնել»,- հավելել է ֆուտբոլիստը: