Home / Հայաստան / «Պինգպոնգյանը» և ոստիկանությունը. ՍԴՀԿ ատենապետն իմացել է իր դեմ բողոքի պատճառը

«Պինգպոնգյանը» և ոստիկանությունը. ՍԴՀԿ ատենապետն իմացել է իր դեմ բողոքի պատճառը

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին զանգահարել և հրավիրել են ոստիկանություն: Epress.am-ի հետ զրույցում  այս մասին տեղեկացրել է ինքը` Սարգսյանը:

Երբ Սարգսյանը դարձյալ հրաժարվել է առանց ծանուցագրի ներկայանալ ոստիկանություն, նրան ծանուցագիր են բերել, և պարզվել է, որ Լյուդմիլա Սարգսյանի դեմ բողոք է ներկայացրել ՍԴՀԿ-ից հեռացված Գևորգ Պերկուպերկյանը: Վերջինս իր բողոքում նշել է, որ ինքը ընտրվել է ՍԴՀԿ ատենապետ, սակայն Լյուդմիլա Սարգսյանն իրեն չի տալիս կուսակցության կնիքը:

Նշենք, որ ՀՀ պետռեգիստրում գրանցված է մեկ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, որի ատենապետը Լյուդմիլա Սարգսյանն է:

ՍԴՀԿ ատենապետը չի գնացել ոստիկանություն, այլ ծանուցագիրը բերած Կենտրոնի ոստիկանության ավագ քննիչ Էդգար Այդինյանի հետ զրուցել է կուսակցության գրասենյակում: Սարգսյանը հիշեցրել է, որ իր ատենապետությունը վիճարկվել է մի քանի դատական ատյաններում և իր` ատենապետ լինելու օրինականությունը հաստատվել է դատարանի կողմից:

«Ես այն կարծիքին եմ, որ «Պինգպոնգյանի» (նկատի ունի Պերկուպերկյանին)` Սեդրակ Աճեմյանին ծառայելը և նրա գործակալը լինելը նրան չբավարարեց, հիմա էլ որոշեց ոստիկանության գործակալ դառնալ հենց այս պահին: Տրամաբանությունից դուրս բողոք է, ունեմ մի հետևություն, որ նա այնքան է էժանացել, որ ոստիկանության հուշումով գումարի դիմաց բողոք է ներկայացրել և փորձում է ինձ շեղել իմ աշխատաքնից ու պայքարից, որը նրան չի հաջողվի: Նա պետք է արժանապատվություն ունենար և պատվով կրեր իր պարտությունը, հատկապես, որ նա ինձ երբեք մրցակից չի եղել: Նա եղել է գործիք Սեդրակ Աճեմյանի և Վահան Շիրխանյանի ձեռքին»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ իր հետ զրուցող ոստիկանության ներկայացուցիչը խնդրել է, որպեսզի իրեն ներկայացնի փաստաթղթեր` բողոքողին սպառիչ պատասխան տալու համար, որին ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ Պերկուպերկյանը իրենից որևէ ատյանի միջոցով ոչ մի փաստաթուղթ չի ստանալու:

«Թող դիմեն պետռեգիստր, այն, ինչը որ կա, պետռեգիստրում է»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Վաղը կեսօրից հետո ոստիկանության նույն ներկայացուցիչը պետք է գնա ՍԴՀԿ գրասենյակ, որպեսզի տեղում ծանոթանա փաստաթղթերի բովանդակությանը: