Home / Հայաստան / ՀԱԿ-ը դիմում է ոստիկաններին և մարտի 17-ին պատրաստվում է ճաշակել հաղթանակը

ՀԱԿ-ը դիմում է ոստիկաններին և մարտի 17-ին պատրաստվում է ճաշակել հաղթանակը

Փետրվարի 18-ի և մարտի 1-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները երկրում նոր իրավիճակ են առաջացրել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է Լևոն Զուրաբյանը:

«Հայ Ազգային Կոնգրեսի` տարածքային կառույցների և ժողովրդի հետ տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումները, տարբեր տեսակի քննարկումները, ինչպես նաև ինտերնետային մոնիտորինգը ցույց են տալիս, որ հասարակական գիտակցության մեջ տեղի են ունենում փոփոխություններ: Ժողովուրդը պատրաստ է տեր կանգնել իր իրավունքին և վերականգնել այն: Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ շարժմանն են միանալու ոչ միայն հազարավոր մարդիկ, ովքեր երբևէ չեն մասնակցել մեր կազմակերպած միջոցառումներին, այլ նաև հազարավոր մարդիկ, ովքեր եղել են իշխող կուսակցության քաղաքական կողմնակիցներ, իշխանության հենարան ապահովողներ», – նշել է ՀԱԿ համակարգողը:

Զուրաբյանը հորդորել է մարտի 17-ին սպասվող հանրահավաքին մասնակիցներին բարձր կազմակերպվածություն դրսևորել և անվերապահորեն հետևել հանրահավաքի կազմակերպիչների կոչերին:

«Սա կարևորագույն նշանակություն ունի ժողովրդի կամքն ի կատար ածելու գործում: Ոստիկանությանը կոչ ենք անում փակել Կորյուն փողոցը Իսահակյան և Տերյան փողոցներից: Կոչ ենք անում զերծ մնալ քաղաքացիական հագուստով գործակալներին ներդնելուց և սադրիչ գործողություններ իրականացնելուց: Մարտի 17-ը կնշանավորվի ժողովրդի կամքի իրականացմամբ և ժողովրդավարության հաստատմամբ: Մենք կճաշակենք հաղթանակը», – հայտարարել է Զուրաբյանը: