Home / Հայաստան / Քադաֆին հարձակվում է. Լիբիայում ցեղասպանություն են կանխատեսում

Քադաֆին հարձակվում է. Լիբիայում ցեղասպանություն են կանխատեսում

Լիբիական բանակի ստորաբաժանումներն արդեն մոտեցել են ռազմավարական նշանակություն ունեցող Աջդաբիա քաղաքին, որը տեղակայված է ճանապարհների խաչմերուկում, և տանում է դեպի ապստամբների կողմից գրավված Բենղազի և Թոբրուք քաղաքներ: Աջդաբիայի գրավման դեպքում, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին կհաջողվի երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքին մոտ գտնվող բոլոր հատվածների վերահսկողությունը կրկին իր ձեռքը վերցնել:

Միաժամանակ, լիբիական կառավարության հրետանին և զրահապատ մեքենաները վերագրավել են Զուվարայ քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 120 կմ արևմուտք: Քաղաքը հնարավոր է եղել գրավել միայն ռմբակոծության արդյունքում, հեռախոսով պատմել է քաղաքի բնակիչներից մեկը` Թարեք Աբդալեյը:

Կիրակի օրն իշխանամետ ուժերին հաջողվել է ընդդիմադիրներից հետ վերցնել նաև արևելյան կարևորագույն նավթային քաղաք Բրեգան:

Մարդու Իրավունքների լիբիական լիգայի ղեկավար Սոլիման Բուշուգիրը Ժնևում հայտարարել է, որ եթե Քադաֆիի զինված ուժերը կոտրեն Բենղազիի պաշտպանությունը և մտնեն քաղաք, իսկական արյունահեղություն կսկսվի:

«Այնպիսի կոտորած, որին մենք ականատես եղանք Ռուանդայում»,  – ասել է Բուշուգիրը` նկատի ունենալով տուտսիների ցեղասպանությունը Ռուանդայում, որը իրագործվել է 1994 թվականին: