Home / Հայաստան / Սարգսյանն ու Աժուբալիսը դրական են գնահատել Սոչիի հանդիպման արդյունքները

Սարգսյանն ու Աժուբալիսը դրական են գնահատել Սոչիի հանդիպման արդյունքները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ և հուսով, որ ԵԱՀԿ-ում Ձեր նախագահության ընթացքում անվտանգության և համագործակցության ապահովման  ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,-հանդիպման ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպության և նրա նախագահության հնարավորությունները բարձր գնահատելու և համագործակցությունը շարունակելու  պատրաստակամության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ԵԱՀԿ կառույցների կողմից  ցուցաբերվող աջակցությանը,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում դրական են գնահատվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ չպետք է կանգ առնել և անհրաժեշտ է այդ դրական ելակետից  շարունակել բանակցությունները: