Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Աժուբալիսին պատմել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պասիվության մասին

Տեր-Պետրոսյանը Աժուբալիսին պատմել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պասիվության մասին

18-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Այս մասին ասված է Կոնգրեսի մամուլի հաղորդագրության մեջ: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ գործող նախագահը Լիտվայի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին 1991թ. հունվարին Լիտվայում ծայր առած ճգնաժամի հաղթահարմանը ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները` ժողովրդավարության և մարդու իրավունքների համատեքստում: Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, հանրահավաքների ազատությունը ինչպես նաև մարտիմեկյան սպանդի բացահայտումը իշխանությունների կողմից խոչընդոտելու հարցերի վրա՝ նշելով, որ դրանց լուծումը Հայ Ազգային Կոնգրեսի առաջնահերթություններն են: Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պասիվությանը` ԵԱՀԿ կողմից առաջնային համարվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության խնդիրների առնչությամբ: ՀՀ առաջին նախագահը նաև նշել է, որ արդյունավետ չի իրագործվում նաև դեռևս 2003 թվականին մեկնարկած ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Ոստիկանության աջակցության ծրագիրը»: Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված «Հայաստանի դատավարությունների դիտարկում» զեկույցի, ազատ և արդար ընտրությունների անցկացմանը առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: