Home / Հայաստան / Արտակարգ դրություն Յեմենում. սպանվել է 40-ից ավելի մարդ

Արտակարգ դրություն Յեմենում. սպանվել է 40-ից ավելի մարդ

Մարտի 18-ի երեկոյան Յեմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 1978 թվականից, երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Յեմենի նախագահի խոսքով` արտակարգ իրավիճակը գործելու է երկրի ողջ տարածքում: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Համաձայն արտակարգ իրավիճակի կանոնների` փողոցներում արգելվելու կրել յուրաքանչյուր տեսակի զենք:

Սալեհի որոշումը կապված է եղել մարտի 18-ին հակակառավարական ցույցերի ընթացքում արձանագրված դեպքերի հետ, երբ նախագահի կողմնակիցները կրակել են ցուցարարների վրա: Կառավարական ուժերի հետ բախումների ընթացքում զոհվել է 41 մարդ, հարյուրավոր ցուցարարներ վիրավորվել են: Համաձայն Յեմենի ընդդիմության ներկայացուցիչների` ոստիկանությունը չէր խառնվում բախումներին. իրենց վրա կրակում էին քաղաքացիական հագուստով նախագահի կողմնակիցները:

Հիշեցնենք, որ Յեմենում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարին:

Չնայած Ալի Աբդուլլա Սալեհը հայտարարել է, որ հաջորդ նախագահական ընտրություններին ինքը չի մասնակցելու, սակայն  հրաժարվել է հեռանալ մինչև այդ ընտրությունները, այն է` 2013 թվականը: Ընդդիմադիրները պահանջում են Սալեհի անհապաղ հրաժարականը: