Home / Հայաստան / Վրացի գիտնականը վստահ է հայկական ԱԷԿ-ի հուսալիության մեջ

Վրացի գիտնականը վստահ է հայկական ԱԷԿ-ի հուսալիության մեջ

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը թեև հնացած է, այդուհանդերձ կայուն է և հուսալի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային ակադեմիայի մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս, աստղաֆիզիկոս Ջումբեր Լոմինաձեն` մեկնաբանելով տարածաշրջանում ուժեղ երկրաշարժի դեպքում ճառագայթման հնարավոր արտահոսքի վտանգի վերաբերյալ մի շարք փորձագետների մտավախությունները:

«Հայաստանի ԱԷԿ-ը շատ լավ է կառուցված, թեև մի փոքր հնացել է: Ռեակտորը դիմակայեց Սպիտակի ուժեղ երկրաշարժին»,- Լոմինաձեի խոսքերն է փոխանցում «Грузия Онлайн»-ը:

Հայկական ԱԷԿ-ը միակն է Հարավային Կովկասում: Այն տեղակայված է Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամոր քաղաքի կողքին: ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980 թվականին  և կանգնեցվել է 1989-ի մարտին` 1988-ի դեկտեմբերի 7 –ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը կրկին շահագործման է հանձնվել 1995-ի նոյեմբերին հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամից հետո: