Home / Հայաստան / Ոստիկանին օրենքը չի հետաքրքրում. Ազատության հրապարակում կոտրել են «Ժառանգության» հովանոցը

Ոստիկանին օրենքը չի հետաքրքրում. Ազատության հրապարակում կոտրել են «Ժառանգության» հովանոցը

Այսօր ժամը 18.00-ի սահմաններում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ցանկացել են հովանոց տեղադրել Ազատության հրապարակում՝ մարտի 15-ից հացադուլի նստած կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Հրապարակում գտնվող ոստիկանները, սակայն, արգելել են հովանոցը տեղադրել, կոտրել են հովանոցի ձողերը և պատռել այն:

Epress.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսկացության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պատմել է, որ երբ ոստիկանները քարշ տալով տարել են հովանոցի ջարդոնները, ինքը ևս գնացել է նրանց հետևից, և Ազատության հրապարակի Մաշտոցի պողոտայի մուտքի մոտ, կոտրած հովանոցն իր մոտ պահելով, աթոռ է դրել և նստել է այնտեղ:

Նա հայտարարել է, որ չի հեռանա իր տեղից մինչև որևէ բարձրաստիճան ոստիկան չգա և չբացատրի, թե ինչ օրինական հիմքով իրենց չեն թույլատրել հովանոց տեղադրել և ինչու են այն կոտրել:

Ալավերդյանը նաև նշել է, որ դեպքի առնչությամբ ինքը զանգահարել է ոստիկանություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակի արագ արձագանքման խմբին:

«Ես պետք է կրկնեմ այն ամենը, ինչ ինձ հեռախոսով պատասխանել է Երևան քաղաքի ոստիկանապետ պարոն Ներսիկ Նազարյանը: Ինքը ասել է՝ այո, մենք չունենք այն օրենքը, որով կարող եմ հիմնավորել, բայց մենք թույլ չենք տալու: Այսինքն` օրինական առումով չկա արգելք մեր օրենսդրության մեջ, բայց թույլ չտալը դա բնութագրվում է որպես ուղղակի կամայականություն: Ես այս երկրի քաղաքացին եմ, ես ուզում եմ հասկանալ՝ ով է հրամայել առանց որևէ օրինական հիմքի այսպիսի բիրտ ձևով պատռել հովանոցը` նյութական վնաս հասցնելով: Ես պիտի ունենամ այդ գրավոր հրահանգը, որ կարողանամ դատական կարգով դրա սահմանադրականությունը, օրինականությունը վիճարկել: Հնարավոր է, որ Հայաստանում եկել է այն պահը, որ սա նորմ է»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ դեպքից մոտ երկու ժամ հետո Ազատության հրապարակ քննիչ է եկել, և Լարիսա Ալավերդյանը գրավոր ձևով նրան տեղեկացրել է դեպքի մասին, որի առիթով արձանագրություն է կազմվել: