Home / Հայաստան / «Ճիշտ ա` մենք քիչ ենք». Կարապետյանը Հովհաննիսյանին առաջարկել է միասին առաջ գնալ

«Ճիշտ ա` մենք քիչ ենք». Կարապետյանը Հովհաննիսյանին առաջարկել է միասին առաջ գնալ

Այսօր Ժողովրդական կուսակցության կողմից Մատենադարնի հարակից տարածքում հրավիրված հանրահավաքին ներկա էր մոտ 1000 մարդ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշեցել է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:

Մեր թղթակիցը մարդկանց թվաքանակի մասին հարց է ուղղել նաև Կարապետյանին, ով պատասխանել է.

«Ես չգիտեմ, ազիզ ջան, ես մարդ չեմ հաշվում»:

Դեռևս մինչև հանրահավաքի մեկնարկը, երբ Մատենադարանի մոտ էլ ավելի քիչ մարդ կար, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակ են` հենց դրանով էլ բացատրելով մարդկանց սակավությունը հանրահավաքին:

Կարապետյանը որոշում է կայացրել երթով գնալ Ազատության հրապարակ` մարտի 15-ից այնտեղ հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցություն հայտնելու համար:

Մատենադարանի մոտ իր ելույթի ընթացքում Կարապետյանն ասել է, որ ժամանակը ցույց կտա, թե ով ով է:

«Մենք խոսում ենք այս անարդարության մասին, որ տիրում է այստեղ, այս թալանի, ամենաթողության մասին, մահակների մասին: Ճիշտ ա` մենք քիչ ենք, բայց կարևոր է որ մենք հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Մենք հիմա կգանք Րաֆֆի Հովհաննիսյանին նեցուկ կանգնելու, ու թող փորձեն չթողնեն»,- հայտարարել է նա:

Ոստիկանական ուղեկցությամբ Տիգրան Կարապետյանի առաջնորդությամբ մի քանի հարյուր մարդ ուղևորվել են դեպի Ազատության հրապարակ:

«Ես հիմա խնդրում եմ ձեզ տեղից չշարժվել, որպեսզի ես գգամ ձեզ առաջնորդեմ», – ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդը, երբ մարդիկ հասել են Ազատության հրապարակ:

«Շատ հետաքրքիր ա` ինչի՞ մի քաղաքացիների դեմ բաց ա, մի քաղաքացիների դեմ փակ ա, ես դա չեմ հասկանում: Գնում ենք նեցուկ կանգնելու Րաֆֆի Հովհաննսյանին, ինչ ա եղե՞լ որ փակել են», – բարձրաձայն հարցրել է Կարապետյանը:

Այնուհետև ոստիկանների հետ մի քանի րոպե բանակցություններից հետո ժողովուրդին թույլ են տվել Հյուսիսային պողոտայի դիմացի մուտքից մտնել Ազատության հրապարակ:

Մտնելով Ազատության հրապարակ` Տիգրան Կարապետյանը մոտեցել է Րաֆֆի Հովհաննիսյանին, սեղմել է նրա ձեռքը, համբուրել «Ժառանգության» առաջնորդին և ասել.

«Կարևորը մարդիկ հասկանան, որ մենք պայքարում ենք հայ մարդու համար, հայ տեսակի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, իր հերթին, ողջույնի խոսքով է դիմել Տիգրան Կարապետյանին և հավաքված մարդկանց.

«Սա մեր տեղն է, մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունը, այստեղ ամեն ինչը պատկանում է մեզ: Ողջունելի է, որ այսօր պարոն Կարապետյանի հանրահավաքը մտել է Ազատության հրապարակ, մոտեցել է ինձ, դա ինձ մեծ ուժ է տալիս, մեծ նեցուկ: Ես շնորհակալություն եմ հայտնում, պարոն Կարապետյան»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Տիգրան Կարապետյանին թույլ չեն տվել Ազատության հրապարակում տեղադրված բեմի վրա ելույթ ունենալ, և նա ելույթ է ունեցել աստիճանների վրա կանգնած:

«Ես խնդրում եմ բոլորին մոտենալ ստեղ, ժողովուրդ, համեցեք: Մենք առանց միկրաֆոնի էլ կխոսանք: Մենք եկանք և ցույց տվեցինք, որ մեկս մյուսով ա հզոր, և ինչու չէ` եթե ունենք սխալներ, խոստովանենք դրանք: Մենք մեծ գործ ենք արել, մեծատառով մարդու մոտ եկել ենք, կողքն ենք կանգնել: Մեր համար հայը տեսակ է, բայց ազնիվ հայը, ոչ թե նախանձ, ոչ թե այն հայը, որը մենակ ուզում ա ինքը լինի: Մեր հաջորդ հանրահավաքը լինելու ա ապրիլի 10-ին` Մատենադարանում: Բայց հիմա եկեք խնդրենք Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից, մենք խնդրում ենք, քո ուժերը մեզ պետք են, ի շնորհիվ քեզ, Րաֆֆի Հովհաննիսյան, մենք տեսանք ով ով է»,- հայտարարել է Կարապետյանը:

«Այո, դյադ Կարապետյան, այո»,- պատասխանել են ներկաները:

«Մենք բոլորս խնդրում ենք, որ դու դուրս գաս էդ վիճակից ու միասին առաջ գնանք», -իր խնդրանքը կրկնել է Կարապետյանը:

«Միացում, միացում», – վանկարկել են հանրահավաքի մասնակիցները:

Հանրահավաքի վերջում Epress.am-ը հարցել է Րաֆֆի Հովհաննիսյանին, թե արդյոք նա պատրաստվում է դադարեցնել հացադուլը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ առայժմ մտադրություն չունի այդ քայլին գնալ: