Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը գիտի ումից ազատվել բարեփոխումներ իրականացնելու համար. կարծիք

Սերժ Սարգսյանը գիտի ումից ազատվել բարեփոխումներ իրականացնելու համար. կարծիք

Հեռուստալրագրող, քաղաքական վերլուծաբան Պետրոս Ղազարյանը Mediamax.am կայքում վերլուծական է հրապարակել, որում անդրադառնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին: Լրագրողը նշում է, որ Սերժ Սարգսյանը «ռուբիկոնն անցավ», և բացատրում, թե ինչ է դա նշանակում.

«Վերջին մի քանի ելույթներում նա բավական բաց տեքստով ձևակերպեց խնդիրներ, որոնցից հետ կանգնելը կնշանակի քաղաքական սնանկացում: «Մեր ժողովուրդը արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթևացումը: Մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի և հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Այսինքն` ես ակնկալում եմ նորովի մոտեցումներ խնդիրների լուծմանը» (մեջբերված է հատված Սերժ Սարգսյանի ելույթից – խմբ.): Առաջին անգամ գործող նախագահը հրապարակավ հայտարարեց, որ այլևս այսպես չի կարելի, և, հանրապետականների լեքսիկոնով ասած` ուլտիմատում ներկայացրեց. «Մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ, և արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան… պարզ է, որ փոփոխությունների ընթացքում շատ մարդիկ են լինելու, ովքեր փորձելու են անձնական խնդիրներ լուծել, սուտը ներկայացնելու են որպես ճշմարտություն, ովքեր փորձելու են վարկաբեկել համակարգը… Պարոն վարչապետ, իմ խնդրանքն է, որպեսզի որևէ բացատրություն չընդունվի ծրագրերի ձախողման դեպքում, եթե լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն»»,- գրում է նա:

Ըստ վերլուծաբանի`ՀՀ նախագահի նման քաղաքական պատվերն իրականացնելը ենթադրում է ինքնուրույն մտածող, որոշումներ կայացնող, ներքին հավատ ունեցող մարդկանց թիմ, որոնք ոչ միայն լավ կատարողներ կլինեն, այլև կմասնակցեն քաղաքական որոշումների կայացմանը:

«Իսկ այսօր այդ թիմում որակ են կազմում քծնանքի և կաշառակերության սինթեզի homo sapiens-ները: Կարծում եմ` նախագահն էլ չգիտի, թե ինստիտուցիոնալ առումով որտեղից վերցնել նոր մտածողությամբ մարդկանց, բայց նա հաստատ գիտի, թե ռեալ բարեփոխումների համար ինչքան մարդկանցից պետք է ազատվի», – նշում է Ղազարյանը:

Վերջինս Սերժ Սարգսյանի բարեփոխումների հաջողությունը տեսնում է այն բանում, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը հավատա նրա անկեղծությանը և հասկանա բարեփոխումների իմաստը: Նրա կարծիքով` Գալուստ Սահակյանի կամ Էդուարդ Շարմազանովի հիացական ասուլիսները նախագահի քայլերից հետո ոչ միայն կամուրջի դեր չեն կատարում նախագահի և հասարակության միջև, այլև անլրջացնում են ամեն ինչ:

«Կյանքը ստիպեց, որ Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը հրաժարվեն ծայրահեղությունից: Քաղաքական կոնսենսուսը շատ ավելի արժեքավոր է, քան կողմերից յուրաքանչյուրի ամբիցիաները: Մարդիկ ցանկանում են արագ և տեսանելի փոփոխություններ. մարդիկ հասունացել են դրանց համար: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն էլ է ցանկանում արագ և տեսանելի բարեփոխումներ: Հետաքրքիր է` ո՞վ է խանգարում»,- եզրափակում է Ղազարյանը: