Home / Հայաստան / Օմբուդսմենը կոչ է արել թույլ տալ Րաֆֆի Հովաննիսյանին վրան տեղադրել Ազատության հրապարակում

Օմբուդսմենը կոչ է արել թույլ տալ Րաֆֆի Հովաննիսյանին վրան տեղադրել Ազատության հրապարակում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատել է որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարել է ոչ իրավաչափ: Այս մասին ասված է ՀՀ օմբուդսմենի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:  Վերոնշյալ եզրահանգումը հիմնված է հետևյալ իրադարձությունների և իրավական փաստարկների վրա: Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր հաղորդագրությամբ նշել է, որ 15.03.2011թ-ին երեկոյան այցելել են Ազատության հրապարակ, որտեղ փորձել են հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան կամ տաքացուցիչ տեղադրել, ինչին ոստիկանները ամեն կերպ խոչընդոտել են:

Քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ օրենսսդրության և միջազգային իրավական նորմերի վերլուծությունից բխում է հետևյալը.

– Խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր (այդ թվում՝ նաև նստացույցներ), ինչպես նաև այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքով ամրագրված  է քաղաքացիների կողմից առանց լիազոր մարմնին իրազեկման ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու իրավունքը՝ հասարակական կարգը   չխախտելու պայմանով:

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ:

– Հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների  տեղադրումը», – ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ:

Կարեն Անդրեասյանը նաև նշում է, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հրապարակային մի­ջոցառում իրականացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:

«Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով` կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը», – նշում է Անդրեասյանը: