Home / Հայաստան / Ազատության հրապարակում «Ժառանգությունը» խոսել է հացադուլի, վրանների և Զորավար Անդրանիկի մասին

Ազատության հրապարակում «Ժառանգությունը» խոսել է հացադուլի, վրանների և Զորավար Անդրանիկի մասին

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին իրենց հայտարարությունները հնչեցրել են Ազատության հրապարակում, որտեղ մարտի 15-ից հացադուլի է նստել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը կոչվում էր «Ձայն բազմաց, ձայն Աստծո»:

«Վերջին օրերին ամենահաճախակի հնչող հարցն է` ինչ է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասելիքը «Ծոմ ազատության» բողոքի միջոցով: Պատասխանն ակնհայտ է. թե «Ժառանգության» և թե նրա առաջնորդի, թե ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցների, որոնք սրտի խորքում, համոզված ենք, հասկանում են բողոքի իմաստը, և թե մեզ բացահայտ սատարող քաղաքացիների պահանջը մեկն է` մեր հայրենիքի և ժողովրդի մարդ արարածին վայել կեցությունը: Այնինչ, ինչպես ընդգրկված է «Ժառանգության» կոչում, իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տևապես անտեսում է մեր պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը, իսկ ներքին քաղաքականությունը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունն ու անարդարությունն ու դրանց հետևած արտագաղթը»,- հայտարարել է Լարիսա Ալավերդյանը:

Անահիտ Բախշյանը նույնպես անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին` նշելով, որ «միջազգային և ՀՀ օրենքներով բողոքի այս ձևն ընտրած ՀՀ քաղաքացին պետք է ապահովված լինի առողջության ու հանգստի տարրական պայմաններով»:

«Այսինքն` պետք է լինի մի վայր, որտեղ նա պետք է պատսպարվի արևից ու անձրևից: Այդ տեղը, ինչպես ընդունված է ողջ աշխարհում, լինում է վրանը, բայց արի ու տես, որ մեր երկրում վրանն արգելվել է ոստիկանների կողմից, ովքեր Ազատության հրապարակի տարբեր կողմերում ծառայողական համազգեստով կամ քաղաքացիական հագուստով դարանակալած սպասում են վրանի կամ հովանոցի ձողերի փոքրիկ շարժմանը, որ հարձակվեն այդ անշունչ առարկայի վրա առանց հասկանալու, որ քաղաքացիական այս շարժման շնորհիվ իրենք էլ են ազատագրվելու իրենց ստրկացնող ու արժանապատվությունից զրկող ռեժիմից»,-ասել է Բախշյանը:

ԱԺ պատգամավորի խոսքով` կուսակցությունը պետական մարմիններին ուղղել է բազմաթիվ նամականեր, որոնք մնացել են անպատասխան: Նամակին արձագանքել է միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասել է, որ Արևելյան Հայաստանի վերջին հարյուրամյա պատմության ընթացքը, որի հասարակական քաղաքական համակարգի բնութագիրն է ցարիզմը, ստալինիզմը, ցինիզմը, հայ ժողովրդի համար այդպես էլ չդարձավ ազգահավաք, արդարացի ազգային պետություն կերտելու համար առիթ:

«Բայց միևնույն ժամանակ կարող ենք արձանագրել, որ այս կառավարությունը, գտնվելով խուճապի մեջ, սարսափում է ժողովրդի ընդվզումից: Ակնհայտ է, որ սարսափը պատել է Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, կառավարության այրերին, դատարաններին և ՔԿՀ-ներին: Պատմությունը, կարծես, կրկնվում է: 1901 թվականին Զորավար Անդրանիկը, գնալով զոհողության, իր զինվորների հետ պաշարվելով Առաքելոց վանքում, չհաշտվելով թուրքական բռնապետության հետ, բարձրացնելով հայ ժողովդրի ոգին` ցույց տվեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է և ունակ է մարտնչելու ազատության և արժանապատիվ ապրելու համար: Առաքելոց վանք մտած թուրք կառավարության պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները, որոնցից առաջինը քաղաքական բանտարկյալների ազատ արձակելն էր: Ներկայացված պահանջներից կատարվում է հենց սա»,- ասել է Փոստանջյանը:

Վերջինս նաև նշել է, որ «այսօր եկել է մեր ժամանակը և ամեն ինչ տրված է մեզ, և օրհասական է դարձել մեծ հայրենիքի փոքր մասում մեր ձեռքերում պահել մեր հայրենի հողը»: