Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից հիշել է Հովնան Մանդակունուն

Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից հիշել է Հովնան Մանդակունուն

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տպագրված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձին, կապված վերջինիս հացադուլի հետ, ասել է.

«Ես խաղ ու պար չեմ անում, որ ասեմ, ես չեմ ընթերցել, չեմ տեսել, ես ամեն ինչ տեսել եմ, կարդացել եմ, ծանոթ եմ` դա իմ պարտականությունն է: Ես բոլորին, և առաջին նախագահին անկեղծաբար և սիրով մաղթում եմ Աստծո օրհնություն և երկարատև կյանք: Եթե խոսում ենք ստերի, կեղծիքների և քրիստոնեական վարքի մասին, կարող եմ առաջարկել, որ բոլորս ընթերցենք և հղում անել նույն Հովհաննես Մանդակունու (Հովհան Մանդակունի – խմբ.) այն բաժնին, որը խոսում է ոխ պահելու և վրեժ լուծելու մասին»:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն այն հարցին, թե ինչու, այնումենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դա դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես, ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռևս 5-րդ դարում ասել է հետևյալը. «Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց»,Ա, էջ 1170): Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը: