Home / Հայաստան / Մարտի 17-ին ազատ արձակված քաղբանտարկյալին դիմավորել են քաղաքական զբոսանքների մասնակիցները

Մարտի 17-ին ազատ արձակված քաղբանտարկյալին դիմավորել են քաղաքական զբոսանքների մասնակիցները

Այսօր Երևանի կենտրոնում գտնվող Սարյանի արձանի քաղաքական զբոսանքների մասնակիցներին այցելեց քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը, ով ազատ է արձակվել մարտի 17-ին և անմիջապես «Արթիկ» ՔԿՀ-ից ժամանել երևան և մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին:

«Ուռուտյանին հարյուր հազար մարդով դիմավորեցինք, Հարութի ոտքը խերով էր, Ազատության հրապարակն իր ազատության հետ բացվեց և ունեցանք ազատագրված Ազատության հրապարակ: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ հպարտանաք, որ մեր կողքին կան այսպիսի տղերք, մարդիկ որոնք հասարակությունից առաջ են ընկած, որոնք արդարության համար համարձակ գնում են ռիսկերի, որ սեփական իրավունքից դուրս տեսնում են ուրիշի իրավունքը, երկրի շահից բարձր ուրիշ բան չեն տեսնում, անձնականը ստորադասում են, և Հարութը հենց այդ կերպարի համար, հենց այդ բնավորության համար էր, որ հայտնվեց բանտում: Հիմա էլ, բնականաբար, Հարութն իր  դուրս գալով մեզ դուխ է տալու, հոգի է տալու հույս է տալու, շատանալու ենք, ուժեղանալու ենք, մինչև բոլորին ազատենք  և հասնենք մեր հաղթանակին», – ասել է ՀՀՇ կուսակցության վարչության  նախագահ Արամ Մանուկյանը:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր խոսքում նշել է, որ Շարժման համար ամենամեծ վտանգն այն էր, որ քաղբանտարկյալները հանկարծ չկարողանային դիմանալ ծանր պայմաններին, մեկուսացմանը:

«Եվ շատ  կարևոր խնդիր էր, որ  հատկապես այն մարդիկ, ովքեր երկար նստեցին, ինչքան էլ նստեն, նրանց մտքով չանցնի, որ հնարավոր է ընկրկել, և երբեք չանցավ: Ես ասում եմ նրանք մեր պայքարի ջահակիրն են ու Հարութի նման մարդկանց շնորհիվ է, որ այս շարժումը մինչև հիմա այսպես հզոր է: Ավելին, 3 տարվա մեջ ավելի է  հզորացել», – նշել է Զուրաբյանը:

Հարություն Ուռուտյանն իր խոսքում նշել է, որ ԶԼՄ-ների միջոցով բանտից զգում էր պայքարի ուժը:

«Այս պայքարը շատ ուժեղ է, և ուժեղ է մեր առաջնորդով:  Լևոն Տեր-Պետրոսյանի արած բոլոր քայլերը մեզ ոգևորում է ամեն վայրկյան, ամեն րոպե: Ինչը մեզ պահեց խցերում, ձեր այսօրվա ամուր ուժը, ձայնը, ցրտին, արևին, անձրևին ձեր պայքարը դրսից, չընկճվեցինք: Մենք էլ ներսում ինչքան կարողացանք մեզ ամուր պահեցինք, որովհետև պետք էր հաղթանակը տեսնել: Ես միանում եմ ձեզ», – հայտարարել է Ոռուտյանը: