Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը տեղադրեցին. ոստիկանությունը չմիջամտեց

Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը տեղադրեցին. ոստիկանությունը չմիջամտեց

Այսօր 18:00-ին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիների մի խումբ Ազատության հրապարակում տեղադրեց ԱԺ պատգամավոր,  «Ժառանգություն»կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախատեսված վրանը, ով մարտի 15-ից հացադուլ է իրականացնում: Հիշեցնենք, որ երեկ մի քանի հասարակական կազմակերպություն, լրագրողներ և իրավապաշտպաններ հանրային պահանջագիր էին ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նշելով, որ իրենք պատրաստվում են վրանը տեղադրել` անկախ ոստիկանների միջամտությունից:

Մինչև մարտին 24-ը ոստիկանները մի քանի անգամ խոչընդոտել էին վրանի տեղադրմանը, սակայն այսօր, չնայած հրապարակում վրանը տեղադրելու պահին բազմաթիվ ոստիկաններ կային, այդ թվում` բարձրաստիճան, նրանք չմիջամտեցին մարդկանց գործողություններին:

Վրանի տեղադրման պահին Ազատության հրապարակում ներկա էին մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում` «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը,Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀԱԿ անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Վարդգես Գասպարին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները:

Վրանը տեղադրելուց հետո ներկաները սկսել են ծափահարել, երգել Հայաստանի օրհներգը, Հայաստանի դրոշներ թափահարել, ինչպես նաև վանկարկել «Ազատ, արդար Հայաստան» և «Ազատ, անկախ Հայաստան»:

Նշենք, որ վրանի տեղադրման ողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նստած էր նստարանին հովանոցի տակ և հետևում էր մարդկանց գործողություններին: