Home / Հայաստան / Քադաֆիի զորքերը ևս մեկ քաղաք են մտել. կոալիցիան շարունակում է ռմբակոծումները

Քադաֆիի զորքերը ևս մեկ քաղաք են մտել. կոալիցիան շարունակում է ռմբակոծումները

Մարտի 24-ի վաղ առավոտյան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 200 կմ հեռավորության վրա գտնվող Միսուրատա քաղաք են մտել Մուամար Քադաֆիին հարող ուժերի զրահապատ մեքենաները, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով ականատեսների վկայությանը:

Տեղի բնակիչները պատմել են, որ տանկերը կանգնած են բնակելի թաղամասերի և տեղական նավահանգստի հարակից տարածքներում, ինչը դժվարացնում է միջազգային կոալիցիոն ուժերի կողմից ռմբակոծման գործողությունները: Բացի դա, տանկերի մի մասը տեղակայված է տեղի հիվանդանոցի մոտ, և այնտեղից կրակ է արձակում ընդդիմադիրների ուղղությամբ:

Ամբողջ քաղաքում չեն դադարում փոխհրաձգությունները, պայթյունների ձայներ են լսվում: Որոշ շինությունների վրա Քադաֆիի կողմնակիցների կանաչ դրոշներ են կախված, այլ հաստատությունների վրա ապստամբների եռագույները:

Տրիպոլիում հերքել են տեղեկություններն այն մասին, որ զորքերը հարձակվողական գործողություններ են իրականացնում`հայտարարելով, որ իշխանական ուժերը ընդամենը ինքնապաշտպանության միջոցառումներ են կիրառում:

Տվյալների իսկությունը ստուգել հնարավոր չէ, քանի որ լիբիական իշխանությունները արգելափակել են արտասհմանյան լրատվամիջոցների մուտքը դեպի Միսուրատա:

Միաժամանակ շարունակվում են Լիբիայի օդային տարածքում իրականացվող միջազգային ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունված բանաձևի շրջանակներում ֆրանսիական ավիացիան վերացրել է Լիբիայի Ռազմաօդային ուժերի կայանը, որը տեղակայված է միջերկրածովյան նավահանգստից 250 կմ հեռավորության վրա:

Բացի դա, ռմբակոծվել են Տրիպոլիի և մերձմայրաքաղաքային շրջանների ռազմական նշանակետերը, ինչպես նաև Միսուրատայի հարակից տարածքները, որտեղ վերացվել է քաղաքը ռմբակոծող հրետանու դիրքերը: